Քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ
ամփոփել ենք վարչապետի կատարած այցը ԱՄՆ, քննարկել ենք նաև, թե ինչու էին ընդդիմադիրները
փորձում նսեմացնել այդ այցը և քննարկել այլ հարցեր։
«Կարծում եմ՝ վարչապետի այցը
հաջողված էր։ Հաջողված էր, որովհետև նախևառաջ ի սկզբանե հայտարարվել էր, որ այս այցն
ունի մեկ նպատակ՝ մասնակցել կրոնական ազատությունների վերաբերյալ կոնֆերանսին։ Այսինքն՝
սա պաշտոնական այց չէ, սա նույնիսկ աշխատանքային այց չէր։ Եվ կոնֆերանսին մասնակցությունը
տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, և բացի դրանից, տեղի ունեցան տարբեր
տեսակի հանդիպումներ, լրացուցիչ հանդիպումներ։ Այսինքն՝ այցը նաև օգտագործվեց Հայաստանի
դիրքորոշումը տարբեր դերակատարներին ներկայացնելու նպատակով»,-ասաց քաղաքագետը։
Նա նաև կարևորեց հանդիպումը ԱՄՆ
փոխնախագահ Վենսի հետ։ Քաղաքագետի խոսքով՝ դա խոսում է այն մասին, որ այցը իր նպատակներին
հասել է և մի բան էլ ավելի, որովհետև ՀՀ-ն կարողացավ առիթն օգտագործել իր դիրքորոշումները
հայտնելու տարբեր դերակատարներին, լսեց նաև տարբեր մոտեցումներ Հայաստանի քաղաքականության
վերաբերյալ և ամենաբարձր մակարդակով փորձեց նաև հասկանալ, թե ինչպիսին է ներկայիս վարչախմբի
մոտեցումները տարածաշրջանի խնդիրներին, հայ-ադրբեջանական հարաբերություններին, որովհետև
ակնհայտ է, որ եթե Վենսի հետ եղել է հանդիպում, էլ ինչի՞ց իրենք պետք է խոսեին, հիմնականում՝
հայ-ամերիկյան հարաբերություններից, բնականաբար չէր կարող չխոսվել վերջերս ընդունված
հայ-ամերիկյան ռազմավարական գործակցության մասին։
Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր
որոշ շրջանակների կողմից վարչապետի այցն ու հանդիպումները նսեմացնելու փորձին, քաղաքագետն
ասաց. «Շատերի մոտ տարբեր պատճառներով կա խիստ բացասական վերաբերմունք իշխանությունների
նկատմամբ, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և նաև այդ որոշ շրջանակների մոտ, որոշ մարդկանց
մոտ ատելության հասնող վերաբերմունք կա, խիստ էմոցիոնալ վերաբերմունք, ինչը նրանց թույլ
չի տալիս ադեկվատ մոտեցում ցուցաբերել այս կամ այն իրադարձությանը, ինչը կապված է իշխանության
հետ, և փորձում են հիմնավորել իրենց այդ ատելությամբ պարուրված մոտեցումը տարբեր եղած
և չեղած հանգամանքներով։ Նույնիսկ, եթե բոլոր տեսակի հետազոտությունները ցույց տան,
որ, օրինակ, իշխանությունների այս կամ այն քայլը շատ դրական, հիանալի քայլ է, եթե նույնիսկ
աշխարհում առկա բոլոր փորձագետներն ասեն, որ սա շատ արդյունավետ է, իրենք միևնույն
է՝ գտնելու են ինչ-որ բաներ, որով փորձելու են հայտնել իրենց դիրքորոշումը, որ չի կարող
այս իշխանությունն ինչ-որ մի դրական բան անել, այն, ինչ կապված է այս իշխանությունների
հետ, միայնումիայն բացասական է. իրենք այդպես են վարվելու»,- նշեց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան