Մոսկվան աչքի է ընկնում բռի և պրիմիտիվ քաղաքականությամբ․ ՀՀ-ի որոշ շրջանակների արարքների մեջ կա ռուսական հետք

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ զրուցել ենք ՀՀ վարչապետի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի և արտաքին ու ներքին քաղաքական հարցերի շուրջ։


«Ես կարծում եմ, որ բոլոր նման այցերը այսբերգի սկզբունքով են. ինչ-որ բան երևում է, բայց մեծ մասը երևի չի երևում՝ ինչ խոսակցություն է եղել անձնական: Դիվանագիտությունը վերջիվերջո այն ոլորտն է, որ ամեն ինչ չի ասվում, բայց նման հանդիպումները միանշանակ կարևոր են, որովհետև շատ կարևոր են նաև միջազգային քաղաքականության մեջ անձնական կապերը, անձնական հարաբերությունները։ Մենք գիտենք` ինչպիսի ուղղվածություն են տանում Միացյալ Նահանգների պրեզիդենտը և իր ամբողջ համապատասխան շրջապատը, ավելի շատ գործարքային հարաբերություններ երկրների հետ։ Եվ այդտեղ շատ կարևոր է, թե ինչպես է Հայաստանը տեղավորվելու այդ գաղափարախոսության մեջ։ Իսկ որպեսզի դա ավելի լավ իմանաս, պետք է շփվես»,- ասաց Ռուբեն Բաբայանը։


Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանը պետք է ցույց տա, որ այդ համաշխարհային պրոցեսի մեջ ունի իր կարևորագույն մասնակցությունը, և այստեղ կարևոր չէ՝ երկիրը մեծ է, փոքր է, ինչ դերակատարում ունի, կարևորը, որ դու քեզ զգաս այդ կարևորագույն պրոցեսների մի մասը։


Խոսելով նաև այն մասին, որ ընդդիմությունը փորձեց նսեմացնել վարչապետի ամերիկյան այցն ու հադիպումները, ինչպես նաև երկրի ներսում պատեհ-անպատեհ առիթներ ստեղծեց քննադատության համար, Ռուբեն Բաբայանն ասաց, որ, ցավոք սրտի, դա հին ավանդույթ է, որը մենք չենք կարող կոչել լավ ավանդույթ։


«Պարզ է, որ տարբեր քաղաքական ուժերը կարող են նաև բացասական վերաբերմունք ունենալ երկրի ղեկավարության հանդեպ, բայց երկրի ղեկավարությունը մի բան է, երկիրը՝ ուրիշ բան։ Եվ երբեք չի կարելի ոտնահարել երկրի շահերը միայն այն պատճառով, որ դու չես հավանում իշխանությանը»,-ասաց Ռուբեն Բաբայանը։


Նա նշեց, որ սա իրականում աշխատում է ընդդիմության շահերի դեմ. երբ դու քննադատում ես ամեն ինչ, դու դրանով մանրացնում ես քո քննադատությունը։


«Անկախ նրանից, թե ով է երկրի ղեկավարը, լինում են և՛ դրական գործողություններ, և՛ բացասական, և եթե քեզ համար այն ամենը, ինչ անում է իշխանությունը, բացասական է, կամ հակառակը՝ այն ամենը, ինչ անում է ընդդիմությունը, բացասական է, կամ հակառակը՝ այն ամենը, ինչ անում է, դրական է, դրանով նորմալ մարդիկ պարզապես հեռու են կանգնում, որովհետև հասկանում են, որ սա ոչ թե լուրջ քննարկում է գլոբալ խնդիրների մասին, այլ պարզապես ցանկություն է սևացնելու ամեն ինչ»,- նշեց Ռուբեն Բաբայանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան