ԵՄ-ի հետ աշխատելով՝ կարող ենք հասնել լուսավոր ապագայի․ ժամանակն է հակազդել ռուսական փափուկ ուժին

ՀՀ ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ։

 

Նա նշեց, որ ակնկալում են, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ նույնպես կանցնի, ինչից հետո իրենց մեծ աշխատանք է սպասվում, պետք է ճանապարհային քարտեզ մշակել՝ «Եվրաքվե» նախագծի նախաձեռնողներով, պետք է քննարկեն, համագործակցեն իշխանության հետ, եվրոպացի գործընկերների հետ, և ըստ այդմ այդ օրենքն ի կատար ածեն, որպեսզի այդ օրենքը չմնա թղթի վրա։

 

Օրենքի նախագծի ընդունումից հետո շտապեց արձագանքել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը.

 

«Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է»: Նրա խոսքով՝ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ դեպի ԵՄ կողմնորոշումը երկրին լրացուցիչ դիվիդենդներ կտա, սակայն առայժմ երկիրը շարունակում է ակնհայտ դիվիդենդներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից։ Պեսկովը նաև ուշադրություն է հրավիրել Եվրամիությանն անդամակցության գործընթացի բարդության վրա՝ հիշեցնելով բազմաթիվ երկրների փորձը, որոնք «երկար հերթի մեջ են դրված այդ գործընթացում, որը չափվում է տասնամյակներով»։

 

Այս առնչությամբ Առնոլդ Բլեյանն ասաց․ «Մենք չէինք ձգտում ԵՄ-ին, չէինք ձգտում ընդհանրապես ԵՄ-ի կամ կոլեկտիվ Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերությունների և մենք անցանք շատ լուրջ արհավիրքների միջով և այսօր էլ կան որոշ գոյաբանական խնդիրներ, քանի որ մենք շարունակում ենք մնալ ռուսական անվտանգային, տնտեսական էկոհամակարգում։ Եվ հետևաբար պարոն Պեսկովը այնքան էլ ճիշտ չի ասում, թե որտեղ են դժվարություններ սպասվում։ Եվ եթե իրենց պարագայում այդ դժվարությունները կոնստանտ են  և չեն բերում իրենց հետ ընդհանրապես որևէ լուսավոր ապագա, հետևապես ԵՄ-ի դեպքում հակառակն է, դու անցնում ես դժվարությունների միջով, որպեսզի հասնես ավելի բարձր, ավելի լավ ապագայի»,- ասաց Առնոլդ Բլեյանը։

 

Նա նաև նշեց, որ այս պահի դրությամբ ռուսական կողմն է շահագրգռված, որպեսզի մենք շարունակենք տնտեսական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, որովհետև իրենց քայլերին մենք կարող ենք հակադարձ քայլեր անել, որոնցից իրենք կտուժեն և հետևաբար մենք պետք է օգտվենք ընձեռնված պորտալից և գնանք այն ուղղությամբ, որն ի վերջո մեզ կտանի դեպի բաղձալի ապագա, այն է ՝ Հայաստանի Հանրապետության հարատևությունը, այլ ճանապարհ պարզապես չկա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան