2023-24թթ.-ներին վերադարձված գույքերի շուկայական արժեքի հանրագումարը գերազանցում է 30 մլն դոլարը. Վարդապետյան

Դատական ակտով, օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը գործում է, և եռաստիճան դատական համակարգում վերջնական օրինական ուժի մեջ մտած վճռով ունենք ամբողջությամբ բավարարված հայց: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 13-ի նիստին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշիյնանի այն հարցին, թե արդյոք իրողությո՞ւն է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը:


«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով (խոսքն առաջին ատյանի դատարանի մասին է) գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր, և վճռի հիման վրա (վճիռն օրինական ուժի մեջ մտավ տարեսկզբին) ՀՀ սեփականության իրավունքն է արդեն գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող մեկ բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ: Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է նաև 50,720 եվրոյին համարժեք շուրջ 22 մլն դրամ:


Վճռի մնացած մասի կատարման նպատակով գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով տրամադրել կատարողական թերթ, որպեսզի հարկադիր կատարման ծառայության միջոցով մնացածը կատարվի»,- ասաց նա: