«Եթե ՌԴ-ն ու էստեղի իր թափթփուկները աղմկում են, նշանակում է՝ ճիշտ ուղու վրա ենք»․ ՀԺԿ փոխնախագահը ՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մասին

ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի քննարկումը ԱԺ-ում յուրօրինակ թեստ էր՝ վերջնականապես ճշգրտելու՝ քաղաքական ուժերից  ո՞րը  որտեղ է տեսնում Հայաստանի ապագան՝ եվրոպական մեծ ընտանիքու՞մ՝ ԵՄ-ի հետ զարգացող և խորացող  հարաբերությունների, անդամակցության հեռանկարի տեսքով, թե՞ «ռուսի օրհնված ոտի» տակ,  այսինքն՝ «հավերժ Ռուսաստանի հետ»։

 

Ուշագրավ է, որ ԵՄ-ին անդամակցելու օրակարգը քննադատելու, արժեզրկելու, ընդհուպ մառազմի վերածելու  (Գառնիկ Դանիելյանի հումորը Մոնիկա Բելուչիի հանդեպ «անտարբեր» չլինելու և «նախաձեռնություն սկսելու» մասին), այդ հեռանկարի հանդեպ վախեր գեներացնելու («մեզ սպառնում է ուկրաինացումը») ինֆորմացիոն արշավը հայրենի ընդդիմությունն իրականացնում է ռազմավարական դաշնակցի հետ սինխրոնացված, եթե չասենք՝ անմիջական թելադրանքով։ Գալուզիններն ու օվերչուկները Հայստանին շաբաթներ շարունակ, վերջին օրերին էլ՝ «կոնտրոլի» սպառնում են՝ «հնարավոր չէ միաժամանակ երկու աթոռի նստել, ՀՀ-ն պետք է ընտրություն կատարի «աթոռների» միջև», խորհրդարանական օպոզիցիայի  ներկայացուցիչներն էլ (և նրանց ձայնակցող արտախորհրդարական խմբակները) առանց  «ստեղծագործական մոտեցում» ցուցաբերելու, տառացիորեն կրկնում էին նույն՝ ռուսական թեզերն ու դրանք համեմում սեփական արտադրության դրամատիզմով։  Ժամանակ առաջ էլ, հիշեցնենք, ՀՀ- ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունն էր հարձակման թիրախում՝ այն համարում էին միաժամանակ անպետք թղթի կտոր և «ռազմավարական դաշնակցին մեր դեմ լարելու»  «կարմիր թիկնոց»։

 

ԱԺ նախկին պատգամավոր, ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու և հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործընթացին՝ նկատեց՝  «այն հարցերը, որոնց վերաբերյալ ռուսները և նրանց այստեղի թափթփուկները աղմուկ են բարձրացնում, հիմք տալիս հետևություն անել՝ ուրեմն ճիշտ ուղու վրա ենք»։  «2013 թվականից այս կողմ սրանք չհասկացա՞ն, թե ՌԴ-ն ով է մեր ժողովրդի համար։ Այսքանից հետո էլ ի՞նչն են  կապում ՌԴ-ի հետ։  Բավական է, էլի, նույն գետը չի կարելի 10 անգամ մտնել»,-նշեց Հարությունյանը՝ հավելելով «Ես դեռ սրանից 15-20 տարի առաջ իմ կուսակից ընկերների, շրջապատի մարդկանց հետ քննարկումներում ասել՝ ՌԴ-ն ուզում է ՀՀ-ում լինի այնքան մարդ, որքան որ կար Խորհրդային միությանը միանալու ժամանակ՝ շուրջ 700 հազար։ Իրենք ամեն ինչ անելու են, որ ՀՀ-ում հենց այդքան մարդ մնա և էդ մարդիկ ամեն առավոտ արթնանան և ահաբեկեն՝ «ռուսը եթե էստեղ չեղավ, թուրքը գալու ա, մեզ կոտորի»։ Ասեմ ավելին՝ էդ 700 հազար մարդն էլ պետք է ՀՀ-ում գտնվող ռուսական  բազաները սպասարկելու համար։  Սա ռուսների քաղաքականությունն է, ինչ է, դուք չե՞ք  հիշում, թե ինչպիսի տնտեսական քաղաքականություն իրականացրին մեր հանդեպ։ Մեր ամբողջ էներգետիկ համակարգը, ռազմավարական նշանակության օբյեկտները՝ «Մարսը», «Մերգելյան»-ը, ՋԵԿ-ի 5-րդ էներգաբլոկը https://hetq.am/hy/article/10119 չնչին գներով վերցրին։ Ես այն ժամանակ որպես մեղրեցի տեղյակ էի պարսիկների հետ քննարկմանը, իրենք առաջարկում էին՝ մեզ տվեք էդ շենքը, սարքենք, շատ լավ պայմաններով, գազը տանք, հոսանքը վերցնենք՝ այն, ինչը հիմա կատարվում է՝ գազ՝ էկելտրաէներգիայի դիմաց։ Ընդ որում, դա տեխնոլոգիական լուծումների առումով շատ առաջադեմ հիմնարկ էր, որը միավոր գազից ավելի շատ էլեկտրաէներգիա էր արտադրում»։ Հիշեցնենք, որ այդ գործարքը՝ հայտնի որպես «գույք պարտքի դիմաց», կայացել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2002-ին։ Նկատեցինք՝ այսօր էլ թե՛ ՌԴ տարբեր ռանգի պաշտոնյաներ, թե՛ պրոռուսական ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ մեզ զգուշացնում են՝ հնարավոր չէ լինել ԵԱՏՄ-ում և գնալ ԵՄ, և որ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում ՀՀ-ին տնտեսական աղետ է սպառնում,  ինչին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց՝ վաղ թե ուշ, այո, պետք է որոշում կայացնել՝  հավելելով «Մնանք ԵԱՏՄ-ում, որ էնտեղից Լուկաշենկոն  մեզ ի տես բոլորի կոխի ցե՞խը։ Ընդդիմությանը թվում է, թե էն, ինչը ասվում է, Փաշինյան Նիկոլին է միայն վերաբերվո՞ւմ։ Ո՛չ, դա մեզ բոլորիս է վերաբերվում, գործարար Ծառուկյան Գագիկին ա վերաբերվում, որը հետը ախպերություն է անում,  ինձ է վերաբերվում, ձեզ է վերաբերվում, Հայաստան պետությանն  է վերաբերվում։ Ո՞վ է այդ սրիկան․․․»։  

 

Հիշեցնենք, որ Ռ Քոչարյանի նախագահության օրոք, որի առաջնորդած խմբակցության անդամներն էլ հանձն են առել «ԵՄ-ն քըխ ա, ճիշտը ԵԱՏՄ-ն ա» արշավի իրականացումը,  Հայաստանը Ռուսաստանին հանձնեց մասնավորապես «Մարս» արտադրական միավորումը, «Մերգելյան» ինստիտուտն ու գործարանը,   Հրազդանի ՋԷԿ-ի անավարտ բլոկը, Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը՝ հետագայում, այլ դրդապատճառներով դրանց թվում ընդգրկելով նաև Սևան-Հրազդան կասկադը և Արմավիրի ատոմակայանի ֆինանսական կառավարման իրավունքը։  Շուրջ 100 միլիոն դոլարի պարտքը, ինչպես փորձագետներ են տարբեր ժամանակներ նշել, այն գումարը չէր, որի վճարման հարցը հնարավոր չլիներ լուծել Ռուսաստանի հետ։  Մեծ քննարկումների և քննադատությունների արժանացած համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, որոնք, որպես հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, վարել էին բանակցությունները: Ի դեպ,  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակին հայտարարել է, որ գործարքի նախաձեռնողները եղել են Հայաստանի իշխանությունները։ Նրանց այդ քայլին մղել է, ըստ երևույթին, ռուսական պարտքի տոկոսները վճարելու հոգսից ազատվելու և իրենց գործը հեշտացնելու միտումը։

 

Ի դեպ, Սերժ Սարգսյանի կուրացիայի տակ գտնվող ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն տարածեց, որ դեմ է քվեարկելու նախագծին, և իր դեմ լինելը  մասնավորապես այսպես հիմնավորեց՝ «սույն «օրինագիծը» այսօրվա կառավարիչների հերթական պոպուլիստական հնարքն է, որը միտված է հիմնազուրկ սպասումներ ստեղծելու»։ Այլ որոշում չէիքն էլ սպասում, չէ՞ որ Սերժ Սարգսյանի օրոք է ՀՀ-ն «մեկ գիշերվա մեջ» կայացված որոշման արդյունքում մտել Մաքսային միություն։ Հայաստանը, հիշեցնենք, բանակցում էր Եվրոպական միության հետ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման շուրջ։ Մոտ 4 տարվա բանակցություններից հետո փաստաթուղթը պատրաստ էր նախաստորագրման՝ 2013 թ. նոյեմբերի 29-ին։ Սակայն 2013-ի սեպտեմբերի 3-ին Պուտինի ներկայությամբ Սարգսյանը ԵԱՏՄ-ին միանալու «ոչ պոպուլիստական» փաստաթուղթ ստորագրեց և ի դերև հանեց հայ ժողովրդի սպասումները «Ես հաստատել եմ Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը և ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին»: 

ՀՄանուկյան