Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Վիտալի Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։ Նշենք, որ Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ 

Վիտալի Բալասանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը կքննվի այսօր՝ ժամը 11.30-ին, Արցախի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

«ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱՀ նախագահի նախկին գլխավոր խորհրդական գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ձերբակալման շուրջ լրատվամիջոցներում տարածվող տարաբնույթ հրապարակումների և օբյեկտիվ իրողությունից դուրս մեկնաբանությունների վերաբերյալ հստակություն մտցնելու համար հարկ եմ համարում իրազեկել, որ դրանք դուրս են վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներց։ Թեև Վ. Բալասանյանը ներկայումս չի զբաղեցնում որևէ պաշտոն պետական կառավարման համակարգում, վերջինս ԱՀ պետական-անվտանգային համակարգի կայունացման ու արդիականացման ուղղությամբ շարունակում էր պետական համապատասխան կառույցների հետ աշխատանքը՝ ներդնելով իր ռազմական փորձն ու հմտությունները: Միևնույն ժամանակ ընդգծում եմ, որ անկախ ներկայումս Վ. Բալասանյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների ողջ նպատակադրությունից՝ վերջինիս կողմից չեն արվելու այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են վնաս հասցնել Արցախի Հանրապետության անվտանգային համակարգին»,- գրել է փաստաբանը:  

Ի հավելումն՝ պաշտպանը խնդրում է զերծ մնալ դատավարության ընթացքը խաթարող և Վ. Բալասանյանի հեղինակության վրա ազդող անհիմն ու չփաստարկված հրապարակումներից: 

Նշենք, որ Վիտալի Բալասանյանից բացի, նույն կասկածանքով ձերբակալել են Բալասանյանի որդուն՝ Արթուր Բալասանյանին, եղբորը՝ Վաչիկ Բալասանյանին, քեռորդուն՝ Գարիկ Յուզբաշյանին, որոնք հարցաքննվել և ազատ են արձակվել։ 

Հիշեցնենք, որ ըստ Արցախի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրության՝ 2023 թվականի հուլիսի 13-ին քրեական գործի շրջանակում՝ դատարանի թույլտվությամբ, Վիտալի Բալասանյանին պատկանող առանձնատանը խուզարկություն կատարելու ընթացքում առանձնատան սեփականատեր Վիտալի Բալասանյանը կյանքի և առողջության  համար վտանգավոր բռնություն  գործադրելու  սպառնալիքներ է արտահայտել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին՝ կապված իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ։

Այնուհետև Վիտալի Բալասանյանին խուզարկության կատարման վայրից հեռացնելու ժամանակ տվյալ պահին նշված առանձնատանը գտնվող Ա. Բ.-ն, Վ. Բ.-ն և Գ. Յ.-ն կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ, քաշքշել վերջիններիս և դիմադրություն ցույց տալու եղանակով  փորձել խոչընդոտել  իշխանության ներկայացուցիչների գործողություններին:
Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 13.07.2023թ. հարուցվել է  քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի  1-ին մասով և 337-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը։

Նշենք նաև, որ ձերբակալվելուց հետո Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց։