ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքի անդամները, ինչպես հայտնի է, ծանուցվել են օգոստոսի 1-ին ներկայանալու ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Դատախազություն են կանչվել պաշտոնաթող նախագահ Քոչարյանը, նրա կինը՝ Բելա Քոչարյանը, ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, վերջինիս կինը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի դուստր Զարուհի Բադալյանը, կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, նրա կինը՝ երգչուհի Սիրանուշ Քոչարյանը (Սիրուշո), ինչպես նաև Ռ. Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, նրա ամուսինը՝ Վիգեն Չատինյանը, որը հայտնի է որպես ««Բարս»-ի Մարինայի»՝ նույնանուն անշարժ գույքի գործակալության տնօրեն Մարինա Չատինյանի որդի։ Civic.am-ը azdarar.am կայքից տեղեկացավ, որ մասնավորապես Սիրուշոյի, Զ. Բադալյանի, Լ. Քոչարյանի, Բ. Քոչարյանի, Վ. Չատինյանի, Գ. Քոչարյանի գույքը, որոնց վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, ենթակա է բռնագանձման, իսկ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գույքի առնչությամբ կատարվել է ուսումնասիրություն, կազմվել է ամփոփագիր։
Նկատենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հուլիսի 14-ին հայտնել էր, որ նախնական արդյունքներով՝ ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման Քոչարյաններին պատկանող 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված շենքերում, 2 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում, ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր, մոտ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ, շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել:
Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համարն էր և, ըստ կարգի, ԿԸՀ էր ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Ռոբերտ Քոչարյանը հաշվետու ժամանակահատվածում (2020-2021թ. մայիսի 1) ունեցել է երկու անշարժ գույք. մոտ 196 քմ մակերեսով բնակարան Ստեփանակերտ քաղաքում և 1716 քմ մակերեսով բնակելի տուն Երևան քաղաքի Իսկավովի պողոտայի հարևանությամբ:
Ռոբերտ Քոչարյանը հաշվետու ժամանակահատվածում երեք աղբյուրից է եկամուտ ստացել՝ 28 մլն 915 հազար դրամ՝ արժեկտրոնից (չի նշել վճարողի տվյալները), 78 հազ. 155 ԱՄՆ դոլարի եկամուտ ստացել է ներդրած ավանդից, իսկ 199 հազ. 300 ԱՄՆ դոլար էլ՝ «Սիստեմա» ԲՖԿ-ից:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նշված ժամանակահատվածում հանդիսացել է «Սիստեմա» ԲՖԿ-ի անկախ տնօրեն: Այդ ընկերությունում ունի 0,0306% բաժնետոմս:
Թեկնածուն հայտարարագրել է նաև դրամական միջոցներ. 980 մլն դրամ և 1 մլն 927 հազար ԱՄՆ դոլար:
«Հայաստան» դաշինքի ցուցակում հանգրվանած նախկին նախագահի կրտսեր որդու հայտարարագրից դատելով էլ վերջինս կարգին ունեցվածքի տեր է։ Նա որպես անշարժ գույք Երևանի կենտրոնի «պրեստիժնի» փողոցներից մեկում՝ Աբովյանում, մեկ բնակարան է հայտարարագրել՝ 226 քմ մակերեսով, նույն փողոցում գտնվող 20 քմ մակերեսով մեկ ավտոտնակ, Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող 203 քմ տարածքով գրասենյակային տարածք։ Որպես շարժական գույք Քոչարյանը հայտարարագրել է «2013թ. TOYOTA RAV 4 2.5» և 2019 թ. TOYOTA CAMRY 3.5 P» ավտոմեքենա։ Որպես եկամուտ կրտսեր Քոչարյանը հայտարարագրել է «Նաիրի Ինշուրանս»-ից ստացած 604 մլն 200 հազար դրամ շահույթը և աշխատավարձը՝ 17 մլն 604 հազար դրամ, ինչպես նաև «Մենեջմենթ սիսթեմզ ինթերնեշնլ»-ից վարձակալության դիմաց ստացած 14 մլն 997 հազար 775 դրամը։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 161 մլն 280 հազար 640 դրամ և 395 հազար 459 ԱՄՆ դոլար։ Քոչարյանը ունի բաժնեմասեր հետևյալ ընկերություններում՝ «Նաիրի ինշուրանս»՝ 60 տոկոս, «Զեմկոմինվեստ»՝ 50 տոկոս, «Սփեյս մենեջմենթ»՝ 33,3 տոկոս, և 0,70 տոկոս բաժնետոմս՝ «Էքզել աութդորս» ընկերությունում։
Ինչ վերաբերում է Քոչարյանի մյուս որդու՝ Սեդրակի ունեցվածքին, ապա նա մի շարք ընկերություններում փայատեր է։ Մասնավորապես, ըստ պետական ռեգիստրի տվյալների, նա 50 տոկոս ուղղակի մասնակցություն ունի ԷՅ ԴԻ ՍՔՐԻՆ ՍՊԸ-ում, մյուս 50 տոկոս ուղղակի մասնակցությամբ շահառուն «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանն է։ Ս. Քոչարյանը 80 տոկոս ուղղակի մասնակցություն ունի նաև «ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ-ում, մյուս շահառուն՝ 20 տոկոս մասնակցությամբ, Պերճ Օհանյանն է։ «Սփեյս ՄԵՆԵՋՄԵՆԹ » ՍՊԸ-ում ուղղակի մասնակցությամբ իրական շահառուներն են Քոչարյանի զավակները՝ Սեդրակ Քոչարյանը՝ 33.4 %, Գայանե Քոչարյանը՝ 33.3 % ուղղակի մասնակցությամբ, և ինչպես նշեցինք՝ Լևոն Քոչարյանը։
Մեկ այլ ՍՊԸ-ում՝ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ»-ում, Սեդրակ Քոչարյանն ունի 30 % (երկուսը միասին) ուղղակի մասնակցություն, մյուս շահառուն հետախուզման մեջ գտնվող, Հ2 ՀԸ-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանն է՝ 60 տոկոս (երկուսը միասին) ուղղակի մասնակցությամբ։
«ԼԼ ԲԻՄԲՈ» ՍՊԸ-ում Ս. Քոչարյանն ունի 50 տոկոս ուղղակի մասնակցություն, մյուս շահառուն՝ 50 տոկոս ուղղակի մասնակցությամբ, Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն է։
«ԱՐԹ ԲԻԼԴ» ՍՊԸ-ում էլ Ս. Քոչարյանն ունի 50 տոկոս ուղղակի մասնակցություն (նրա կինը՝ Զ. Բադալյանը, իրականացնում է փաստացի վերահսկողություն), մյուս 50 տոկոս ուղղակի մասնակցությամբ շահառուն էլ Գայանե Որսկանյանն է (Արամայիս Որսկանյանը նույնպես իրականացնում է փաստացի վերահսկողություն)։ Ս. Քոչարյանը 100 տոկոս ուղղակի մասնակցություն ունի նաև «Սթրիմ Ֆորս» ՍՊԸ-ում։ Օտարահունչ անվանումներով այս ընկերություններում Քոչարյանի զավակները շահառուներ են դարձել այն շրջանում, երբ նրանց հայրիկը ՀՀ նախագահն էր և Արցախի հարցով գլխավոր բանակցողը։
Թե քանի տոննա հալալ քրտինք են թափել Քոչարյանները նման ունեցվածք ձեռք գցելու համար՝ ասել չենք կարող, իրավապահների տիրույթ մտնել չենք ցանկանում։ Հիշեցնենք միայն, որ «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը մեկ տարի առաջ այս օրերին ծավալվող «Դիմադրություն» շարժման հանրահավաքներից մեկի ժամանակ խոստանում էր իշխանությունից հետո «թալանը հետ բերել»։ Դաշնակցական գործչին իհարկե չհաջողվեց հասնել իր նպատակին՝ իշխանափոխության, սակայն նրա փափագը՝ թալանը հետ բերելու մասով, կարող է իրականանալ։ Այնպես որ, պարոն Սաղաթելյանը կարող է հետևել պատկան մարմինների կողմից իրականացվելիք «թալանագանձման» գործընթացին և հետևություններ անել՝ ովքեր են թալանչիներն ու ինչու են ուզում կրկին իշխանության գալ։
Հ. Մ.