«Տեր-Պետրոսյանը, հուսով ենք, նաև կպատասխանի, թե ինչու է համաձայնել վարչապետի մոտ նախագահ աշխատել»

Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Իր ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահն ասում է, թե 1997թ․ ինքը համաձայնել է ՀՀ-ում վարչապետի պաշտոնն ստանձնելու այդ ժամանակվա նախագահ Լևոր Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ այն պայմանով, որ նրան որպես «շեֆ» չի ընդունելու, այլ ընդունելու է «գործնական հարաբերություններ»։ Նման անկեղծությունն իհարկե, ողջունելի է։

 

Բայց տառաճանաչ ցանկացած մեկը գիտի, որ որևէ պետությունում վարչապետի և նախագահի հարաբերությունները սեպարատ պայմանավորվածություններով չեն կարգավորվում, այլ Սահմանադրությամբ ու օրենքներով։

 

Ի՞նչ է նշանակում՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնելու համար պայման դնել, թե նախագահին որպես «շեֆ» չեմ ընդունելու կամ պաշտոնում նշանակել՝ նախագահին որպես շեֆ չնդունելու պայմանին համաձայնելով։

 

Հանցավոր խմբավորո՞ւմ է, սեփական կանտորա՞ է, ի՞նչ է պետությունը։

 

Եթե Ռ․ Քոչարյանը նկատի ունի որպես ղեկավար ընդունել- չընդունելու հանգամանքը (իսկ որ դա նկատի ուներ, թույլ է տալիս ենթադրել նրա ձևակերպումը որպես ԼՂՀ նախագահ, երկար ժամանակ «շեֆ» չունենալու վերաբերյալ), ապա հարց է առաջանում՝ իսկ նախագահական կառավարման համակարգ ունեցող երկրում սահմանադրական ի՞նչ կարգավիճակով էր նա ընդունում Տեր-Պետրոսյանին․ ենթակայի՞, կամ՝ ինչ կարգավիճակով էր Տեր-Պետրոսյանը նրան նշանակում վարչապետ․ համանախագահի՞․․․ Այդ «գործնական հարաբերություններն» իրենցից ի՞նչ էին, ի վերջո, ներկայացնում։

 

Սահմանադրական կարգը էն գլխի՞ց էր, փաստորեն, արտաքնոցի թղթի կտոր։

 

Եվ երկրորդ նախագահը շատ ճիշտ է ասում․ հարցադրման հասցեատերը ոչ թե ինքն է, այլ հակասահմանադրական հարաբերությունների կոնցեպտի նման պայմաններ առաջադրելուց հետո դրան համաձայնողն ու նշանակողը։

 

Տեր-Պետրոսյանը, հուսով ենք, նաև կպատասխանի, թե ինչու է համաձայնել վարչապետի մոտ նախագահ աշխատել, եթե Ռ․ Քոչարյանը, իհարկե, ճիշտ է, և այդ պայմաններում հիմա ո՞վ է, իր 2007-08թթ․ բնորոշման համաձայն՝ Հայաստանում թաթար-մոնղոլական կառավարման համակարգի հիմնադիրը․ ի՞նքը, թե Ռոբերտ Քոչարյանը։