Նախկին նախագահ, իր պաշտոնավարման ընթացքում քանիցս՝ 2002-ին, 2003-ին, 2004-ին Մամուլի ազգային ակումբի կողմից «մամուլի թշնամի» հռչակված Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել։ «Մամուլի թշնամու» տիտղոսն ու «մամուլի ասուլիսը» նույն համատեքստում հոլովելն անշուշտ կոգնիտիվ դիսոնանս է հարուցում սթափ բանականություն ունեցողների մոտ, բայց Քոչարյանի դեպքում արդեն իսկ կոգնիտիվ դիսոնանս է նրա քաղաքական ակտիվությունն ու նորից, ևս մեկ անգամ, վերստին իշխանությունը զավթելու հավակնությունը, ինչի ազդարարման նախերգանքն էլ, ըստ էության, տեղի ունեցած ասուլիսն էր։ Ի դեպ, նախկին «նախագԱ»-ն վերջին անգամ նման ֆորմատով՝ «մեժդուսաբոյչիկ» լրագրողներով (բնորոշումն իրենն է) հանդիպել էր 2022-ի ճիշտ նույն օրը՝ փետրվարի 17-ին։ Մամուլի ազատությունը ճզմած սույն պերսոնն այսօր, ահա, դիրքավորվելով մամուլի ներկայացուցիչների առաջ, պլանշետից օգտվելով ու իր «ֆիրմեննի» դիմախաղով հարցերին պատասխանելով բռնաբարեց ինչպես բանականությունը, այնպես էլ ազատ խոսքը։ Բանականության բռնաբարությունն, ի դեպ, տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ 2018-ի հեղափոխության շրջանից սկսած մինչև մեր օրեր տրված գնահատականներով, իրադարձությունները, զարգացումները այնպիսի դիտանկյունից ներկայացնելով, որը կասկած կհարուցեր «հոմո սափիենսի» մոտ՝ արդյո՞ք դրանց հեղինակը, այդ «խոսող գլուխը» ազգությամբ հայ է, եղել է Հայաստանի 10 տարվա նախագահը, ունի պրոհայկական դիրքորոշում, շարունակում է լինել ՀՀ քաղաքացի, թե՞ թաքուն ու գաղտագողի, ինչպես պաշտոնը ստանձնելուց հետո Սադարակում Ալիևի հետ Մեղրիի փոխանակման հարցն էր քննարկում, ընդունել է այլ երկրի հպատակություն։ Քոչարյան, «այլ երկիր» ասելով, բնականաբար, առաջին երկիրը, որ միտքդ գալիս է, Ռուսաստանի Դաշնությունն է՝ ՀՀ ռազմավարական դաշնակիցը, որի ղեկավարի՝ Պուտինի հետ «քիմիական կապ»-ով կապված սուբյեկտը 2002-ին «գույք պարտքի դիմաց» գործարքով հանձնեց ՀՀ ռազմավարական նշանակության օբյեկտները, ՀՀ-ն կախվածության մեջ գցեց մեկ երկրից ու Հայաստանը դարձրեց «Ռուսաստանի ֆորպոստ Հարավային Կովկասում»։ Ի դեպ, այս «ռազմավարական դաշնակցային» բնութագիրը ՀՀ-ին տրվել է հենց իր՝ Քոչարյանի օրոք, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Գռիզլովի երևանյան այցի ժամանակ։ Իմիջիայլոց, այս նվաստացուցիչ հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի հոր հետ, ինչպես Քոչարյանն է երդվում-պատռվում, Մեղրին Ղարաբաղով փոխանակելու հարց երբեք չի քննարկել, արձագանքելով Գռիզլովի խոսքերին՝ ցինիզմով նշել էր. «Մենք տարակուսում ենք. մենք Հայաստանը միշտ ընկալել ենք որպես պետություն, իսկ այժմ պարզվում է, որ այն ֆորպոստ է։ Հիմա ում հետ պիտի բանակցենք՝ ֆորպոստի՞, թե՞ ֆորպոստի տիրոջ»։ Չգիտենք՝ ում հետ էր Ալիևը այս հայտարարությունից հետո բանակցում ԼՂ հարցով՝ ֆորպոստի՞, թե՞ դրա տիրոջ, բայց այսօր, ի դեմս Քոչարյանի, գործ ունենք Հայաստանը «ֆորպոստական» ժամանակներ վերադարձնել փափագող ֆորպոստահպատակի հետ։ Այլապես ինչպե՞ս հասկանալ «յան» ազգանունով նախկին պաշտոնյայի երեկվա կեցվածքն ու վարքագիծը։ Եթե Քոչարյանի նպատակը Հայաստանը ռուսական լուծ վերադարձնելը չէ, ապա ինչի՞ մասին են ՀՀ-ի դեմ ասուլիսում տված սուտ ցուցմունքները, որոնց նպատակը հանցագործին հանցանքի պատասխանատվությունից մաքրելն է՝ «Մոսկա»-յաբար «հաչելով» ՀՀ պետականության և ինքնիշխանության, ՀՀ լեգիտիմ իշխանության վրա։ Հանցագործությունն այդ ունի կոնկրետ անուն՝ Քոչարյանի ծննդավայր Լեռնային Ղարաբաղի հանձնում նոյեմբերի 9-ի հայտարարության հեղինակի ձեռամբ ու անմիջական դերակատարմամբ։
Հիմա արդեն պարզ է, թե ինչու ծնունդով ղարաբաղցի
Քոչարյանը, ԼՂՀ առաջին նախագահը ոչ Լաչինի միջանցքը փակելուց հետո, ոչ էլ 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ
իրականացված ռուս-ադրբեջանական ագրեսիայից հետո ասուլիս չհրավիրեց ու հարցեր չբարձրացրեց
ՌԴ-ի առաջ, փոխարենը որդուն ուղարկեց ՀՀ կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի
պահանջով ագրեսիվ ցույցերին մասնակցելու ու այն կուրացիա անելու։ Իսկ հարցադրումները շատ են, մասնավորապես՝ այդ ինչպե՞ս եղավ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ
ամրագրված՝ ՌԴ խաղաղապահ զորքի պատասխանատվության գոտում 2022-ի մոտավորապես այս օրերին
տեղի ունեցավ Փառուխի ու Քարագլխի զավթման օպերացիան։ Ո՞ւր էր այդ ժամանակ «ֆորպոստատերը»։ Նիկոլ Փաշինյանը, նկատենք, այդ ժամանակ դեռ չէր
«դավաճանել» Պուտինին ու Պրահայում չէր կրկնել նրա՝ ավելի վաղ ասածը՝ «Ղարաբաղն Ադրբեջան
է»։ Այդ ինչպե՞ս եղավ, որ Լաչինի միջանցքը փակվեց ադրբեջանցի մի խումբ էկոլոգների կողմից ու շուրջ 9 ամիս այդպես էլ փակ
մնաց, որտե՞ղ էին այդ ժամանակ նայում ֆորպոստատիրոջ
աչքերը։ Այդ ինչպե՞ս եղավ, որ այդ նույն Լաչինի միջանցքում, կոպտորեն
խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու թքած ունենալով Պուտինի ԱԳ նախարար Լավրովի հավաստիացումների վրա, Լաչինի միջանցքում
ադրբեջանական անցակետ տեղակայվեց։ Այդ ինչպե՞ս
ստացվեց, որ 2023-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ռուսները, որոնք 2020-ին
Ղարաբաղ էին խուժել ղարաբաղցիների բնականոն կյանքը վերականգնելու ու կենսական պայմաններն
ապահովելու համար, դիտորդի կարգավիճակ ստանձնեցին ու մեկ օր տևած պատերազմից հետո ադրբեջանական թելադրանքով
Ղարաբաղի իշխանությանը պարտադրեցին լուծարել Պաշտպանության բանակը, ուտիլիզացիայի նպատակով
ՌԴ-ին հանձնել զինամթերքը, հրամանագիր ստորագրել ԼՂՀ լուծարման մասին ու Ադրբեջանի
գերությանը հանձնել ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց ազատության և բեմադրված
դատավարության հարցով այսօր Քոչարյանը ախուվախ է քաշում։
Եթե «հոմո սափիենս» Ռոբերտ Քոչարյանն այս լեգիտիմ հարցադրումները չի
անում նոյեմբերի 9-ի թղթով ԼՂՀ անվտանգությունը ստանձնած սուբյեկտին, ուրեմն բոլոր
հիմքերը կան կասկածելու, որ վերջինս ոչ թե Հայաստանի նախկին նախագահն է, այլ՝ ՌԴ-ի
«նամեստնիկը», որը արդեն մի քանի անգամ փորձում է իշխանազավթում իրականացնել, որպեսզի
վերականգնի Պուտինի հետ ունեցած և Նիկոլ Փաշինյանի
իշխանության գալու բերումով խզված քիմիական
կապը։
Հ.Գ. Համոզված ենք, որ ինչպես նախորդ անգամները,
այս ասուլիսից որոշ ժամանակ հետո Քոչարյանը,
որը երկու տարի լռել էր՝ ուրիշ ընդդիմադիր ուժերի խոսելու ու գործելու հնարավորություն
տալով (վերջինը հոգևորականի վեղարով էր), առանց ավելորդ կաշկանդվածության, առանց կոմպլեքսների,
հաղթահարելով հայ ժողովրդի կողմից «կլիզմայի» ենթարկվելու տհաճությունը, ՌԴ-ի ուղիղ ցուցումով ու հովանավորությամբ կվերսկսի
փողոցային պայքարը։
Հ. Մանուկյան