Քոչարյանի պնդումները ակնհայտ սուտ են․ մարտնչող «սուպերհերոսը» հղումներ է անում այն մարդկանց, որոնք չկան

Երեկ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է տվել, որի ժամանակ հնչեցրած որոշ հայտարարությունների շուրջ զրուցել ենք Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Նա կարծում է, որ ասուլիսի գլխավոր պատճառը նախատեսվող ընտրական գործընթացներն են. մեկ տարուց մի փոքր ավելին մնաց հերթական խորհրդարանական ընտրություններին, և այդ գործընթացներում արմատական ընդդիմության տեղի խնդիր է, որովհետև շատ նեղացել է տեղի հնարավորությունը։


«Եթե 2021 թվականին մենք տեսանք, որ այդ դաշտից երկու քաղաքական ուժ հայտնվեցին և երրորդն էլ չորրորդ տեղում էր փաստացի, ապա այս ընտրություններին ամենայն հավանականությամբ միայն մեկ քաղաքական ուժ այդ դաշտից կկարողանա հայտնվել ԱԺ-ում, եթե կարողանա իհարկե, բայց հավանականություն կա։ Եվ այդ մեկ տեղի համար բավականին լուրջ պայքար կա այդ դաշտում գոյություն ունեցող քաղաքական ուժերի միջև, իսկ դրանք մի քանիսն են։ Երկու ֆավորիտներն ամենայն հավանականությամբ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորած ուժերն են, բայց կան նաև այլ ուժեր»,- ասաց քաղաքագետը։


Ռոբերտ Քոչարյանը երեկ խոսել է նաև Մեղրիի փոխանակման թեմայից և նշել, որ Վազգեն Սարգսյանը տեղյակ էր բոլոր մանրամասներին, որևէ լուծում հնարավոր չէր իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի, մինչդեռ Վազգեն Սարգսյանի մտերիմներն ու ընկերներն ասում են, որ նա տեղյակ չի եղել։


Այս առնչությամբ քաղաքագետն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ կարողանում է հղումներ անել այն մարդկանց, ովքեր չեն կարող նրան հակադարձել, և հղումների մեծ մասը ուղղված էր Վազգեն Սարգսյանին կամ Հեյդար Ալիևին, բայց, չգիտես ինչու, օրինակ՝ չկային հղումներ Իլհամ Ալիևին, որովհետև ամենայն հավանականությամբ Իլհամ Ալիևը կարող է հակադարձել, և այդ առումով Քոչարյանը խուսափում է նրա հետ խոսակցություններին հղում անել։  


«Նույնը վերաբերում է Մեղրիի հարցին: Քոչարյանի արտահայտած մտքերն ավելի շատ նման են իր նախկին վարքագծին՝ ներկայացնել իրեն որպես սուպերհերոս, որն ինչ-որ մեծ ձեռքբերումներ է կարողացել ունենալ, և այդ ձեռքբերումները կապված են նրա հետ, որ խաբել է բոլորին, հատկապես ադրբեջանցիներին՝ Հեյդար Ալիևի գլխավորությամբ։ Բայց, չգիտես ինչու, այդ խաբելու արդյունքում ՀՀ-ն էր թուլանում, և Հայաստանը կամ Արցախը որևէ լուրջ ձեռքբերում չունեցան»,- հավելեց քաղաքագետը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան