Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան 3 մեղադրանք է առաջադրվել
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան միանգամից 3 մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ու թմրամիջոցներ պահելու համար, «Ազատությանն» այսօր հայտնեց նախկին բարձրաստիճան պաշտոնյայի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Ըստ պաշտպանի՝ Բալասանյանը մեղադրյալ է նաև ամիսներ առաջ հարուցված մեկ այլ քրեական գործով․ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար։ 64-ամյա Բալասանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Նշենք, որ դատարանը երեկ մերժել է Վիտալի Բալասանյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Նա ձերբակալվել էր հուլիսի 13-ի երեկոյան, նույն օրը իրավապահները ձերբակալել էին նաև նրա որդուն, եղբորը։ Նրանք ավելի վաղ էին ազատ արձակվել։

Արցախի դատախազությունն այս ձերբակալություններից հետո հաղորդագրություն էր տարածել, որում Բալասանյանի որդու անունն էր մատնանշվում։ Ըստ իրավապահների՝ նրան «տրամադրվել է 74 միլիոն 500 հազար դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային»։ Մինչդեռ Բալասանյանները վարկը ոչ նպատակային օգտագործելու կասկածանքը անհիմն են համարում։

Նշենք, որ ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնում քննվել է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդումը, որով պարզվել է, որ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 /յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա..Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության գլխավոր Դատախազությունը՝ անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի որդուն առնչվող գործին: Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով /Վարկը ոչ նպատակային օգտագործելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներ, 12.07.2023թ. հարուցվել է քրեական գործ: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Աղբյուր՝ Azatutyun.am