ԱԺ նախագահը դատի է տվել ԱԱԾ նախկին տնօրենի հետ փոխկապակցված կայքին, լրագրողին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «ՄԵԴԻԱՀԱԲ» կայքի և լրագրող Վահե Մակարյանի։ Այս մասին  Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Քաղհայցը  դատարան է ներկայացվել երեկ՝ փետրվարի 18-ին, և մակագրվել դատավոր Ալլա Քյուրքչյանին։ Հայցվորը  դատարանից խնդրել է պարտավորեցնել «ՄԵԴԻԱՀԱԲ»  ՍՊԸ-ին և Վահե Մերուժանի Մակարյանին հերքել 29.01.2025 թվականին «Mediahub.am» կայքում հրապարակված հետևյալ արտահայտությունները. «...Երեկ երեկոյան ՔՊ-ի վարչության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին՝ նրան նախատելով հայ-ռուսական հարաբերությունները էլ ավելի վատթարացնելու մեջ», «Փաշինյանն ասել է, թե... Ալենը բալթյան երկրների ներկայացուցիչների մոտ այնպես է արտահայտվել Ռուսաստանի հասցեին, որ սա կարող է նորից լուրջ խնդիր առաջացնել երկու երկրների հարաբերություններում։ Ուստի Փաշինյանը Սիմոնյանին կոշտ ձևով հրահանգել է՝ ամեն գնով շտկել իրավիճակն ու հերքել այս տեղեկությունները», «Ալեն Սիմոնյանը, որ մինչ այդ ԱԺ-ում ուրախ-զվարթ զբոսնում էր, իրար խառնված իր լրատվական բաժնին ու մամուլի խոսնակին գիշերվա կեսին հանձնարարել է հերքման տեքստ պատրաստել և ամբողջ մեղքը բարդել լրատվամիջոցի վրա», «Ալեն Սիմոնյանը նաև արժանացել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի նախատինքին, քանզի նա ևս զայրացած է եղել Ալենի այս պահվածքից։ Մեզ ասացին, որ Ալեն Սիմոնյանն իր մտերիմ թիմակիցներին պատմել է, որ իրեն է զանգահարել Գուրգեն Արսենյանն ու ասել՝ «մի բան արա, հերքիր մամուլի տեղեկություններն ու շտկիր իրավիճակը, հակառակ պարագայում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն չի գա Հայաստան»։  


ԱԺ նախագահը նաև փոխհատուցում է պահանջել՝   «ՄԵԴԻԱՀԱԲ»  ՍՊԸ-ից և Վահե  Մակարյանից հօգուտ իրեն բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ։ «Միջնորդում ենք 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել պատասխանողների գույքի և դրամական միջոցների վրա:  Դատական ծախսերին անդրադառնալիս անդրադառնալ Հայցվորի կողմից նախապես վճարված 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումարին»,- նշված է հայցապահանջում։


Հիշեցնենք, որ Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև ժամանակ առաջ՝ 2024 թ.  հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում միջադեպ էր տեղի ունեցել։ Մամուլում գրվեց, թե «Վահե Մակարյանը Ալեն Սիմոնյանին մոտեցել է հարցազրույցի խնդրանքով, սակայն խոսակցությունը ցանկալի հունով չի գնացել, իրավիճակը լարվել է, զրույցը վերածվել է վիճաբանության, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որոնք լսվել են ողջ խորհրդարանում»։ Մակարյանը մասնավորապես պատմել էր, թե իբր վիճաբանության ժամանակ Սիմոնյանի թիկնապահները բռնել են իր թևերը, որպեսզի նա հարվածի իրեն։  ԱԺ նախագահն էլ,  պարզաբանելով տեղի ունեցած միջադեպը, մասնավորապես նշել էր՝  «լկտի, անդաստիարակ պահվածքը ԱԺ-ի շենքում չի հանդուրժվել ու չի հանդուրժվելու, և ինչպես ինքն իր հարցազրույցում ասել է՝ թեման փակվել է, հարթվել է,  ի՞նչ կար էդտեղ հարթվելու»։ Ապա նկարագրել տեղի  ունեցածը. «Վիրավորական արտահայտություններ երկրի ղեկավարի հասցեին, իմ՝ իրեն սաստելը, որից հետո նմանատիպ հայտարարություն իմ հասցեին, և դրանից հետո, երբ որ ասում է ՝ ձեռները կապել են, ո՞վ է իր ձեռները կապել։ Ինքը մոտ եկավ, իր ձեռքերից բռնեցին (թիկնապահները-խմբ.), ասացի՝ ձեռքերը բաց թողեք, ինչ որ պետք էր իրեն ասացի, լսեց, ինքն  իր կարծիքը նույնպես հայտնեց, հետո ես իրեն խնդրեցի հեռանալ, մի քիչ կարող է վրդովված խնդրեցի հեռանալ, ինքը ձեռքերը թափահարելով, ուրախ-ուրախ ոստոստալով հեռացավ»։


Նշենք, որ «ՄԵԴԻԱՀԱԲ» կայքը փոխկապակցված է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։


Հ. Մ.