Եթե «Հոկտեմբերի 27-ը» չլիներ, Քոչարյանը Ստամբուլից տուն չէր վերադառնա

«Դա սկանդալային հայտարարություն է, ու եթե ՌԴ-ում մի քիչ լավ կարդան Քոչարյանի հայտարարությունը, ապա պետք է հասկանան, որ մի հատ չափալախ պետք է լինի այդ ուղղությամբ, որովհետև Քոչարյանը, չգիտակցելով, Պուտինին մեղադրել է ԼՂ-ն հանձնելու մեջ»: Այս մասին ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին և նշելով, որ 10 տարի ՀՀ նախագահի պաշտոնում աշխատած մարդը բառ առ բառ, տող առ տող կրկնում է ՌԴ-ի բոլոր հայտարարությունները, թե իբր մենք դավաճանել ենք ՌԴ-ին ու դրա համար պատժվել ենք։


Սաֆարյանը նշեց, որ ՌԴ-ի ողորմությամբ Քոչարյանին դարձրին գուբերնատոր ՀՀ-ում, բայց Քոչարյանը միշտ սխալ է պլանավորել ՀՀ-ի ապագան. «Հիմա Քոչարյանը ՌԴ-ին իր ծառայությունն է առաջարկում, իր վրա խաղադրույք է բերում»։


Ինչ վերաբերում է Մեղրին ԼՂ-ով փոխանակելու Քոչարյանի ու Հեյդար Ալիևի բանակցություններին, Սաֆարյանը նշեց. «Քոչարյանը քուչի շուստրիություն է արել։ Ադրբեջանը ծուղակ էր հյուսել ՀՀ-ի համար, ու Թուրքիան էր հուշել Ադրբեջանին, թե ինչ անել։ Քոչարյանը իր բանակցություններով  ընդունել է, որ ԼՂ-ն Ադրբեջանինն է։ Իրեն թվացել է, թե ինքը շուստրի է, բայց Թուրքիան ու Ադրբեջանը հասել են նրան, որ Քոչարյանը ընդունի, որ ԼՂ-ն Ադրբեջանինն է, ու ՀՀ-ի տարածքը դարձրել է բանակցային առարկա։ Միջազգային բանակցություններում նույնիսկ չստորագրված փաստաթղթերը ու պայմանավորվածությունները իրենց հետքն են թողնում»։


Սաֆարյանը նշեց, որ Քոչարյանը փորձում է կեղծել պատմությունը. «Եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, ապա Քոչարյանը Ստամբուլում ստիպված էր լինելու ստորագրել Մեղրիի տարբերակով խաղաղության պայմանագիրը, ու Հոկտեմբերի 27-ը դարձել է միջոց, որ Քոչարյանը չստորագրի Մեղրիի տարբերակը»:


Սաֆարյանի խոսքով՝ Քոչարյանը հասկացել էր, որ Ստամբուլից ՀՀ չէր կարող վերադառնալ այդ պայմանագիրը ստորագրած, որովհետև եթե վերադառնար, ապա ստիպված պետք է այդ խաղաղության պայմանագիրը անցկացներ Ազգային ժողովում, բայց այնտեղ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը չէին համաձայնելու, որովհետև իրենք արդեն դեմ էին քվեարկել հոկտեմբերի 23-ի Անվտանգության խորհրդի նիստում. «Հոկտեմբերի 27-ից 4 օր առաջ ԱԽ նիստում Վազգեն Սարգսյանը Քոչարյանին ասել է, որ ինքը ու Դեմիրճյանը դեմ են լինելու Մեղրիի տարբերակին»։


Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան