Հայաստանի վարքը համահունչ է նոր իրավիճակին. ավելի հեշտ ենք համագործակցելու թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՌԴ-ի հետ

Տեղի ունեցողը աննախադեպ է։ Մի կողմից՝ կարելի էր որոշ քայլեր սպասել, որովհետև Թրամփը նախընտրական շրջանում խոսել էր դրանց մասին, օրինակ՝ մեկ օրում ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու մասով, ինչը հիմա Թրամփը փորձում է անել, մյուս կողմից՝ դժվար էր ենթադրել, որ այն բոլոր քայլերը, որ Թրամփն անում է, կարելի էր կանխատեսել։ Օրինակ՝ որ Թրամփը կնստեր բանակցային սեղանի շուրջ ու կանտեսեր Ուկրաինայի որոշ ակնկալիքներ։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։


Նա, սակայն, նկատեց, որ Թրամփը առաջարկում է Ուկրաինայում արևմտյան ուժեր տեղակայել՝ ապահովելու համար Ուկրաինայի անվտանգությունը, ստեղծելով երաշխիքներ։ Սրան, սակայն, համաձայն չէ ռուսական կողմը։ Վարդանյանը հույս հայտնեց, որ այս կետից, այս պահանջից Թրամփը չի նահանջի։


Ինչպե՞ս կազդի ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը Հայաստանի և մեր տարածաշրջանի վրա։ Ըստ Վարդանյանի՝ Հայաստանը այս ամենից չի տուժի։ «Այս ամենը կարճաժամկետ կամ միջնաժամկետ առումով պետք է որ Հայաստանի վրա բացասաբար չազդի,- ասաց քաղաքագետն ու հավելեց.- Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ չի ուզում հակառուսաստան դառնալ, չի ուզում ինչ-որ մեկի ճամբարում հարձակվել մյուսի վրա։ Եթե ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների բարելավում է տեղի ունենալու՝ նշանակում է նաև հեշտ է լինելու մեր համագործակցությունը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի և բոլորի հետ։ Մեր երկրի վարքը տեղավորվում է նոր իրավիճակի շրջանակներում»։

 


Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան