Ալեն Սիմոնյանի եղբայրը «ԵվրոԱսֆալտ»-ի սեփականատերը չէ. Մովսես Հարությունյանը հերքել է Պեդրո Զարոկյանի գրառումը

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ Երևանի ավագանու անդամներից Պեդրո Զարոկյանը իրականության հետ կապ չունեցող գրառում է արել:


«Երևանի ավագանու անդամներից Պեդրո Զարոկյանը գրառում է արել այն մասին, թե իբր «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբորը` Կառլեն Սիմոնյանին։


Նշված գրառումը չի համապատասխանում իրականությանը.


Ալեն Սիմոնյանի եղբայրը չի հանդիսանում վերոնշյալ ընկերության սեփականատեր, դրանում չունի ու չի ունեցել որևէ բաժնեմաս, պարզապես նախկինում աշխատել է այդ ընկերությունում, 2 տարի առաջ դուրս եկել այնտեղից ու այժմ որևէ կապ չունի այդ ընկերության հետ։


Հավելեմ, որ այս թեմայի առնչությամբ զրպարտության հիմքով այժմ ընթանում է դատական գործընթաց, բացի այդ մամուլում առկա է նաև Սիվիլնեթի փաստերի ստուգման հարթակի կողմից արված հրապարակումն այն մասին, որ Կառլեն Սիմոնյանը չի հանդիսանում ու չի հանդիսացել այդ ընկերության սեփականատեր։


Ի դեպ, «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը չի փակվել. դա ևս կեղծիք է։


Կոչ ենք անում զերծ մնալ վերոնշյալ կեղծիքը տարածելուց, այլապես չենք բացառում հերթական անգամ իրավական ճանապարհով գնալու տարբերակը»,- գրել է Հարությունյանը։