Գտիր 10 տարբերություն կամ՝ որտե՞ղ է ավարտվում ռուս պաշտոնյաների մտքի թելն ու որտեղ է սկսվում Քոչարյանինը

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի  ասուլիսին  հետևածներից շատերն էին տպավորություն ստացել, որ կարծես ասուլիս տվողը ոչ թե ՀՀ նախկին նախագահն է, այլ՝ ՌԴ պետական պաշտոնյա, որոնց անուններն ու տեսակետները ՀՀ քաղաքացիները հասցրել են անգիր անել ու անգիր իմանալ՝ Պուտին, Զախարովա, Լավրով, Օվերչուկ, Զատուլին... (ցանկն ամբողջական չէ)։ Քոչարյանը գրեթե նույն բառապաշարով ու միևնույն շեշտադրումներով կառուցելով իր խոսքը, ավելին ՝ ոչ թե ՀՀ շահերի, այլ ՌԴ-ի տեսանկյան տակ դիտարկելով ՀՀ-ին ու Լեռնային Ղարաբաղին պատուհասած աղետները՝ 44-օրյա պատերազմից սկսած մինչև 2023-ին  ԼՂՀ-ում տեղի ունեցած բռնի տեղահանությունը,  մեղավոր կարգեց մեկ սուբյեկտի՝ ՀՀ իշխանությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Արդ,  անդրադառնանք փաստերով՝ վկայաբերելով ՌԴ պաշտոնյաների դիտանկյունից արված մեկնաբանություններն ու  դրանց քոչարյանական ինտերպրետացիաները։  


Նարատիվ 1-ին՝ Ղարաբաղը «հանձնեց» Նիկոլ Փաշինյանը, բայց ուզում է գցել Պուտինի «գրպանը»


Ռոբերտ Քոչարյան, 17.0.2025 - «Ղարաբաղի հանձնումը կատարվեց երկու փուլով մեկը՝ 2018-2020 թթ.՝ մինչև պատերազմը, և երկրորդը՝ 2020 թվականից հետո, մինչև 2023 թ. սեպտեմբեր... Վարչապետն արհամարհել է 2019 թ. շատ հետաքրքիր և ընդունելի առաջարկ (այս «ընդունելի»  ու հետաքրքիր առաջարկի մասին՝ հաջորդիվ-խմբ.) և ասել է, որ սկսում է զրոյական կետից։ Բանակցային գործընթացը մտցվեց փակուղի։ Հետո ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ եթե Արցախը Հայաստան է և վերջ, ապա ինչի մասին կարող են բանակցել։ Սա կոչ էր պատերազմի։ ...Պրահայում սկսվեց Ղարաբաղի հանձնման երկրորդ փուլը՝ վարչապետի այն հայտնի հայտարարությամբ, որով նա Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Սա դատավճիռ էր Ղարաբաղի նկատմամբ։ Այս որոշումով զրոյացվեց Ռուսաստանի միջնորդության մանդատը»։

 

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, 09.10.2023 -  «Տհաճ է տեսնել պաշտոնական Երևանի կողմից քայլեր, որոնք, մեր կարծիքով, հիմնված են ակնհայտ հակառակ տրամաբանության վրա։ Ակնհայտ է հայ պաշտոնյաների հակառուսական հռետորաբանության էսկալացիան։ Այս ամենը հիմնված է բացարձակապես անհիմն նարատիվի վրա, որ Ռուսաստանը չի օգնել Հայաստանին, որ Ռուսաստանը չի պաշտպանել Ղարաբաղի հայ հասարակությանը։ Սա մակերեսային քարոզչական հռետորաբանություն է, բայց պետք է տեսնել սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած իրադարձությունների հիմքում ընկած պատճառներն ու ակունքները: 2020 թվականի նոյեմբերի 9-ին առաջնորդները ստորագրել են եռակողմ հայտարարություն, որը սահմանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի լուծման ձևերն ու մոտեցումները։ Եվ այդ կարգավորման ուղիներից զատ, որոնք վերը նշեցի, կար նաև ջենթլմենական համաձայնություն, ըստ որի՝ Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու էր ապագայում... Բայց մոտ մեկ տարի առաջ պատկերը փոխվեց, 2022թ. հոկտեմբերին Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս, ինչը 180 աստիճանի շրջադարձ էր պաշտոնական Երևանի դիրքորոշման մեջ, քանի որ ՀՀ գործող ղեկավարությունը իշխանության գալիս հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է»։


Վլադիմիր Պուտին, 14.10.2023  - «Ղարաբաղի տարածքն այժմ չի դարձել Ադրբեջանի տարածք։ Այն վերջնականապես դարձել է Ադրբեջանի մաս այն բանից հետո, երբ անցած տարի Պրահայում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարություն արեց, որով արմատապես փոխվեց Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ որոշվեց Ղարաբաղի կարգավիճակը: Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է»։  



Հընթացս հիշեցնենք, որ
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որի միջոցով երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Դե իսկ Վ. Պուտինը 2020թ. դեկտեմբերի 17-ին է հայտարարել. «Միջազգային իրավունքի տեսակետով, ես այդ մասին արդեն ասել եմ, բոլոր այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մասը։ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և, հաշվի առնելով այդ հանգամանքը, միջազգային իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղը ևս Ադրբեջան է»։

 

Հաջորդ նարատիվը՝ ՀՀ-ն չկռվեց իր հողերի, Ղարաբաղի համար, ՌԴ-ն ու մյուսները ինչո՞ւ պետք է նրա փոխարեն կռվեին։


Ռոբերտ Քոչարյան, 17.02.2025  - «Եթե տվյալ պետությունն ինքն իր հողերի համար պատրաստ չէ կռվել, ինչ-որ մեկը գալո՞ւ է իր փոխարեն կռվի։ Կարելի է պարտվել պատերազմում, բայց եթե դու արդեն պարտվել ես քո ուղեղում, ոչ թե պարտված ես, այլ արդեն չոքած ես, ոչ մեկը չի գալու քեզ հետ կռվի, որովհետև դու արդեն վստահելի գործընկեր չես դիտվում»։


ՌԴ պետդումայի պատգամավոր, Քոչարյանի ասած՝ «ամենահայամետ» գործիչ Կոնստանտին Զատուլին, 29.12.2024 - «Ես կարծում եմ, որ ողջ պատմության ողբերգական դրվագը Լեռնային Ղարաբաղի կորուստն է։ Այն հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ ռազմական գործողության արդյունքում։ Ես կարծում եմ, որ դա վնաս է հասցրել Ռուսաստանի երկարաժամկետ շահերին։ Հասկանալի է, որ մենք պատրաստ չէինք պատերազմել, եթե Հայաստանն ու նրա ղեկավարությունը չէին պատրաստվում դա անել։ Նրանք այդպես էլ չպատերազմեցին Ղարաբաղի համար»։ 


Պուտին, 29.11.2024  - «ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից։ Ղարաբաղյան իրադարձություններն ունեն իրենց յուրահատկությունը. Հայաստանը Ղարաբաղը չի ճանաչել որպես անկախ պետություն և, իհարկե, Ղարաբաղը չի ներառել իր կազմում։ Ուրեմն այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, Հայաստանի հետ իրավաբանորեն կապ չունի, ուստի տարօրինակ է կարծել, որ ՀԱՊԿ-ը պետք է կռվեր այդ անկլավի տարածքում»։

 

Ամենաակտուալ ու ագրեսիվ նարատիվը՝ միանգամից հնարավոր չէ նստել երկու աթոռի՝ գնալ ԵՄ և լինել  ՌԴ-ի հետ՝ ԵԱՏՄ-ում

 

Ռոբերտ Քոչարյան, 17.02.2025 - «Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացին, նայեք՝ դուք գնում եք մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում, դու գնում ես մի տեղ, որն արդեն իսկ պրոբլեմներով է ինքն իրենով։ Այդ պրոբլեմային լինելն ընդունում է նաև ԱՄՆ-ը։ Դու այդպիսիով շեշտակի փչացնում ես այն կառույցների հետ հարաբերություններդ, որում դու այսօր կաս։ Շատ կներեք, քամակդ 3 մետրանոց պիտի լինի, որ 2 աթոռի վրա նստես, է՛դ էլ չունես»։


ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, 09.02.2025  - «ԵԱՏՄ-ն ու Եվրամիությունն անհամատեղելի են։  ...Անդամությունը ԵԱՏՄ-ին դա արտոնություն է, իսկ հաշվի առնելով տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնք առկա են ԵՄ-ում, անդամակցումը ԵՄ-ին կարելի է համեմատել «Տիտանիկի» տոմս գնելու հետ»:


Իմիջիայլոց, ՀՀ-ի՝ դեպի Արևմուտք «թեքվելու» որոշումներն ու քայլերը մեկնաբանելիս ՌԴ մի շարք պաշտոնյաներ՝ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ.
Զախարովա, Գալուզին, գործածել են հենց  Քոչարյանի սիրած «երկու աթոռի վրա նստել» կապակցությունը։ Միայն թե՝ առանց «քամակային չափումների»։ 


 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, 14.01.2025 - «Իհարկե, Հայաստանի օրինական ղեկավարության որոշումը՝ սկսելու որևէ միջազգային կառույցին միանալու գործընթաց, որտեղ նրան սպասում են, դա ինքնիշխան որոշում է: Բայց բոլոր դրական և բացասական կողմերը կշռադատելը ևս, հավանաբար, Հայաստանի կառավարության, ղեկավարության և տնտեսական հատվածով զբաղվողների պարտականությունն է»։ 


Ինչպես ասում են՝ գտիր 10 տարբերություն ՌԴ պաշտոնյաների և ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարություններում և կռահիր՝ որտեղ է ավարտվում ՌԴ պաշտոնյաների մտքի թելն ու որտեղ է սկսվում Քոչարյանինը։ Դրանք, ինչպես տեսնում ենք, մեկը մյուսի շարունակությունն են։


Հ.Գ. Ռ. Քոչարյանն ասում էր նաև, որ Հայաստանը «դավաճանեց» ՌԴ-ին՝ «ճակատագրական պահին անցնելով նրա թշնամիների ճամբար»։ Հետևապես ԼՂՀ-ում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ՝ ագրեսիա և բռնի  տեղահանություն։ «Շատերը նեղացած են Ռուսաստանից, բայց փորձեք այս ամենին նայել ՌԴ-ի տեսանկյունից, որտեղ տեսնում էին, որ կատարվողը կարելի է կանգնեցնել միայն ուժային միջամտությամբ։ Բայց ո՞ւմ համար, Հայաստանի՞, որը ճակատագրական պահին անցել է քո թշնամիների ճամբար։ Որևէ մեկն իրեն դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞»։  Այս նարատիվն էլ, ի դեպ, նախկին նախագահը «թխել» է ռուսական կողմից։ Բայցևայնպես երկիրը 10 տարի կառավարած անձը գոնե խելքին զոռ տալի՞ս է՝ հիշելու, որ իր ասած այդ «թշնամի» կոչվածները՝  հավաքական Արևմուտքը՝ ԵՄ-ն, ի մասնավորի՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահող երկրներ են։ Եվ այդ երկրների «դուռը» գնալու ՀՀ շահագրգռությունը կապված էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը քննարկելու հետ։ Հետևապես այս՝ միմյանց թշնամացած սուբյեկտների՝ Լավրովի, Բլինքենի և Միշելի հետ ՀՀ-ն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ստիպված էր բանակցել առանձին-առանձին՝ առանցքում դնելով ՀՀ-ի և ԼՂՀ-ի շահերի սպասարկումը, ոչ թե կողմնորոշվելով ըստ ՌԴ-ի  կողմից դրսևորվելիք  խանդի աստիճանի։ 


Ի դեպ, «թշնամու կողմն» անցնելու հետ կապված մի կարևոր դիտարկում՝ Քոչարյանը տեղյա՞կ է, որ նույն այդ՝ ուկրաինական պատերազմից ընդամենը մեկ օր առաջ այն երկիրը, որի դիտանկյունից էլ փորձում է գնահատել իրականությունը, ՀՀ թշնամի Ադրբեջանի հետ ստորագրել է դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր։ Ի դեպ, սա մի փաստաթուղթ է, որի կետերից մեկն էլ վերաբերում է միմյանց ռազմական օգնություն ցուցաբերելուն։ «Անվտանգությունն ապահովելու, խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանական Հանրապետությունը կարող են դիտարկել ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի գործող միջազգային իրավական պարտավորությունները»,- ասված է հռչակագրի տեքստում։


Հ. Մանուկյան