Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան գործով 2 անձ է կալանավորվել

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել: Լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։


«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, – խմբ․): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- հայտնեց նա։


Հիեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Փետրվարի 18–ին հայտնի դարձավ, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1–ին մասով (սպանություն)։