ՀՀ քաղաքացիություն ստանալու ծանուցումից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածների «070» ծածկագրով անձնագրերը դառնում են անվավեր

Այն պահից, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ստանում է ծանուցում առ այն, որ ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նրա «070» ծածկագրով անձնագիրը դառնում է անվավեր, ինչի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ թոշակ ու նպաստ ստանալու, բանկային գործարքներ կատարելու, այլ երկրի վիզա ստանալու կամ արտերկիր մեկնելու հետ կապված։ Այս մասին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

 

«Այդ իսկ պատճառով հորդորում ենք ծանուցումը ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար․ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում անհրաժեշտ է ներկայանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

 

Հիշեցնում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ պարզեցված և արագացված ընթացակարգով։

 

Այդ նպատակով Երևանում անհրաժեշտ է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ մարզերում՝ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ (անձնագրային բաժիններ): Դիմելու համար նախօրոք հերթագրվելու կարիք չկա․ սպասարկումն իրականացվում է կենդանի հերթի ձևաչափով։


 

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են․


1) դիմում-հարցաթերթ (լրացվում է տեղում).


2)անձը հաստատող վավեր փաստաթուղթ («070» ծածկագրով անձնագիր), դրա պատճենը և ԺՊ վկայական.


3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).


4) ծննդյան վկայականը և դրա պատճենը.


5) եթե անձը կրում է ամուսնու ազգանունը՝ ամուսնության վկայականը և դրա պատճենը, ինչպես նաև ամուսնու անձնագրի պատճենը.


6) 28.11.1981 թ․ հետո ծնված անձինք պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերի, ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենները:


 

Օտար լեզվով փաստաթղթերը պետք է թարգմանվեն հայերեն և վավերացվեն նոտարի կողմից»,- ասվում է հաղորդագրությունում։