Թրամփի վարչակազմը որոշել է Ուկրաինայի հաշվին դադարեցնել
ռուս-ուկրաինական պատերազմը։ ԱՄՆ նախագահը զոհին մեղադրելու վարքագիծ է ընդունել։ Միաժամանակ
չկա դեռ նշան ԵՄ-ի կողմից, որ կարող է Եվրամիությունը ինքը համախմբվել ու աջակցել Ուկրաինային՝
պատերազմը շարունակելու համար։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ Հրայր
Մանուկյանը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը կարող է այս պատերազմից ուժեղացած դուրս գալ։ Թրամփի
այս վարչակազմը երկբևեռ աշխարհի տեսլականն է որդեգրել, որտեղ կրկին կլինեն ազդեցության
գոտիները։ Միացյալ Նահանգները կարող է մեր տարածաշրջանը հանձնել ՌԴ-ին։ Միաժամանակ,
սակայն, միանշանակ չէ, որ մեծերը պետք է որոշեն փոքրերի ճակատագիրը։ «Հայաստանն իր
ընտրության հնարավորությունն ունի։ Պետք է ասի, որ մենք Եվրամիության հետ ենք։ Նույն
այդ մեծերը որոշել էին, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն չեն ընդլայնվելու, բայց փոքրերը հասան նրան,
որ մտան ԵՄ։ Հայաստանը կարող է ինքնուրույն
որոշումներ կայացնել։ Հա՛, Ռուսաստանը կարող է վատ զգալ դրանից, բայց ի՞նչ պետք է անի
Ռուսաստանը Հայաստանին»,- ասաց Մանուկյանը։
ԵՄ երկրները, ըստ նրա, կամ պետք է ջանքերը համատեղեն
ու օգնեն Ուկրաինային շարունակելու պատերազմը, կա՛մ համաձայնեն Թրամփի հետ, որից հետո
Ուկրաինայում կլինեն ընտրություններ, իսկ Ուկրաինան կդառնա ինչ-որ չեզոք տարածք՝ առանց
անգամ լիարժեք անվտանգային երաշխիքների։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան