Հարց Փաշինյանին փոխել փափագող եկեղեցականին՝ տեղյա՞կ է, որ «շեֆությունն» իրեն փոխելու որոշում ունի

Արքեպիսկոպոսի կարգով քաղաքական ընդդիմադիր գործիչ Բագրատ Գալստանյանը, որն իր «քաղաքական հոտի» հետ տևական ժամանակ է՝ շփվում է օնլայն ռեժիմով՝ ամենշաբաթյա բարոյա-քաղաքական ֆեյսբուքյան քարզոներով, վերստին մարդամեջ էր դուրս եկել։ Ստիպել էր օրվա խորհուրդը՝ Արցախյան շարժման 37-ամյակը։   Հարկադիր պարապուրդի մատնված, լրագրողներին կարոտած  շարժման  առաջնորդը, բնականաբար, խոսել է վերջին օրվա  «քաղաքական թոփ» թեմայի՝ Սահմանադրության փոփոխության մասին և հայտնել իր «փորձագիտական» կարծիքը։  «Բնականաբար, Սահմանադրությունը փոխվելու-չփոխվելու հարց չկա, իրեն (վարչապետին-խմբ․)փոխելու հարց կա։

 

Սահմանադրությունը որոշակի իմաստով միշտ էլ կարող է փոփոխությունների ենթարկվել, բայց այս պարագայում, այս ժամանակահատվածում իրեն փոխելու հարցն է, որովհետև այստեղ գոյաբանական կռիվ է, Սահմանադրության կամ օրենքների կռիվ չէ: Սահմանադրությունը մենք որևէ ժամանակ կարող ենք քննարկել, քննել, ուսումնասիրել, համապատասխանեցնել, ինչ-որ պետք է անելու անել, բայց հենց ինքն է ձախողել ամեն ինչ և հիմա փորձում է ամեն ինչը հարմարացնել իր ձախողմանը։ Ինքը ինչո՞վ է ընտրվել, այդ Սահմանադրությամբ չի՞ ընտրվել, ուրեմն ինքը լեգիտիմ չէ»,-ազդարարել է երկքաղաքացի՝ Կանադայի քաղաքացիություն ունեցող, ինչպես երևում է՝ «լեգիտիմություն» տերմինի իմաստը չիմացող  Գալստանյանը։

 

Հետաքրքիր է՝ երբ եկեղեցու սպասավորը խոսում է Սահմանադրության հավանական փոփոխության մասին, թե՝ «որևէ ժամանակ կարող ենք քննարկել, համապատասխանեցնել, ինչ-որ պետք է անելու՝ անել», հատկապես ի՞նչ նկատի ունի, որ ենթադրյալ փոփոխությունները։ Չլինի՞  սահմանադրական այն արգելքը վերացնելը, որն իրեն ու իր նման երկքաղաքացիներին թույլ կտա ՀՀ վարչապետի  կամ պետական այլ պաշտոնում առաջադրվել։ Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի»  շարժման օրերին, երբ սահմանազատմանը դեմ քայլերթի մասնակիցները Երևան հասան և պարզվեց, որ Գալստանյանին վարչապետ առաջադրելու հետ կապված անլուծելի «չէպէ» է առաջացել՝ նրա երկքաղաքացիության հիմքով, վերջինս խրոխտ հայտարարեց «Վարդան Օսկանյանը՝ մեր նախկին արտգործնախարարը, կարծիք ա հայտնել, որ էս շարժման վարչապետի թեկնածուն՝ ամենահարմար, երրորդ դեմքով ասեմ, լավ, Բագրատ Սրբազանն ա․․․․Ուրեմն ես նախապես ասեմ, որ ոչ այդպիսի հավակնություն ունեցել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ և նաև սկզբունքների պատճառով չեմ ունեցել և միևնույն ժամանակ ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել, երբեք թաքնված չի եղել, բացարձակ»: Ապա հավելեց «Ժողովո՛ւրդ ջան, ես ոչ հավակնություն ունեմ, ոչ ցանկություն, ոչ էլ ձգտում, բայց մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք ա Սահմանադրություն գրի, էդ էլ հերթական պոպուլիզմն ա: Հիմա ժողովուրդը երբեք Սահմանադրության մեջ ազդեցություն չունի, հիմա որ ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ինչ գործն է, դուք պիտի ընդդիմանա՞ք»:

 

 

Ի դեպ, ձախողված շարժման առաջնորդին ճիշտ իր ասածի հանգույն պետք է հուշել՝ «շեֆությունը» այս պարագայում, այս ժամանակահատվածում քեզ, որպես առաջնորդ, փոխելու որոշում է կայացրել։ Իսկ Սահմանադրությունն, այո, այնպիսի բարձրագույն իրավական ակտ է, որը օրենք է, որը փոխել-չփոխելու որոշումը պատկանում է մեկ սուբյեկտի՝ ժողովրդին։ Չի ընդդիմանում այդ ճշմարտությանը,  չէ՞։


ՀՄ