Փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, օգնություն են ցուցաբերել 2889 քաղաքացու

Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից հանրապետության ողջ տարածքում ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության։


Մի շարք ճանապարհահատվածներին ՆԳՆ ենթակա ծառայությունները պարբերաբար իրականացրել են շրջայցեր, սահմանվել են հերթապահություններ՝ անհրաժեշտության դեպքում վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։


Երկու օրում փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, օգնություն են ցուցաբերել 2889 քաղաքացու։


Համագործակցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի, տեղական ինքնակառավարման մարմինների և ճանապարհները սպասարկող ընկերությունների հետ՝ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները աջակցել են նաև ձնամաքրման աշխատանքներին։


Փետրվարի 20-21-ը հանրապետությունում արձանագրվել է 578 ճանապարհատրանսպորտային պատահար, մարմնական վնասվածքներ է ստացել 35 քաղաքացի։


Տեղումների պատճառով արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհեր չկան։


«Սիրելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- հորդորում են ՆԳՆ-ից: