Երևանում իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փետրվարի 24-ին Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 70/19 հասցեում կայանված բեռնատարում դի կա:


Ոստիկաններն ու պարեկները իրանական համարանիշներով «Ֆոտոն» մակնիշի բեռնատարում հայտնաբերել են վարորդի մարմինը:


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 


Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն Իրանի քաղաքացի է, որը հանկարծամահ է եղել: