Օրերս վարչապետը ներկայացրեց
Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը բաղկացած է 14 դրույթից։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։
Նա նշեց, որ այս դրույթներում
իրեն շատ հետաքրքրող կամ ցնցող ինֆորմացիա չկար։
Մեր զրուցակցի խոսքով՝ քաղաքականության
մեջ երբեք 100-տոկոսանոց ճշմարտություն գոյություն չունի, քաղաքականությունը յուրաքանչյուր
պահի կարող է փոխվել, վեկտորը, նպատակները կարող են փոխվել, կոնկրետ կուսակցություն,
կոնկրետ իշխանություն, ըստ իրավիճակի, կարող է նոր կողմնորոշումներ անել, փորձել ինչ-որ
նոր ուղիներով շարժվել։
«Ամենակարևորը մեկն է՝ պետք է
ամեն կերպ դուրս գանք այս լճացած իրավիճակից, Հայաստանը պետք է դուրս հանվի այս աղետից,
և կարծում եմ, որ գործող իշխանությունն էլ է այդպես մտածում, որ մեր միակ հնարավորությունն
է շարժվել դեպի ավելի զարգացած երկրներ, համագործակցել և տնտեսապես, և գաղափարապես
ավելի զարգացած երկրների հետ։ Խոսքը արևմտյան երկրների մասին է, մասնավորապես՝ Եվրոպայի,
մեր արդեն, այսպես ասած, չգրանցված դաշնակից Ֆրանսիայի, որը փորձում է եվրոպական ուժերը
համախմբել Ռուսաստանի դեմ՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեջ ինչ-որ նոր հնարավորություններ
գտնել»,- ասաց Բագրառ Առաքելյանը։
Խոսելով նաև Ռոբերտ Քոչարյանի
մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարությունների մասին՝ Բագրատ Առաքելյանն ասաց, որ
Քոչարյանն ինչ-որ ասուլիսներ է տալիս և փորձում է իրեն դիրքավորել իբրև Հայաստանի շատ խոշոր քաղաքական
գործիչ, բայց ինքը քաղաքական գործիչ չի, պարզապես վարձված մի անձ է եղել Ռուսաստանի
կողմից, որը նշանակվել է ժամանակին, և այն տարիներին արել է այն գործողությունները,
որոնք իրեն հարկադրել են Կրեմլից։
«Դրա ապացույցները կան. իր իշխանավարած
տարիների ընթացքում մենք տեսանք, որ Հայաստանը հանձնեց իր դիրքերը բոլոր պարագաներում՝
թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, և ինքը արեց այն նախապատրաստական աշխատանքը, որը բերեց
այսօրվա մեր այս դժվար և ցավոտ իրավիճակին։
Ռոբերտ Քոչարյանն այսօր պետք է ոչ թե ասուլիսներ տար, այլ պետք է շուտվանից լիներ ուղղիչ
աշխատանքային գաղութներում և պատասխան տար այն ամենի համար, ինչ որ արել է իր պրեզիդենտ
լինելու ընթացքում»,- նշեց Բագրատ Առաքելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան