Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի դեմ վերջին շրջանում սկսված հարձակումներն ամենևին պատահական չեն։ Դրանք հստակ արտացոլում են ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնք կապվում են Ֆրանսիայի՝ իր միջազգային դերակատարությունը վերաիմաստավորելու և ընդլայնելու ռազմավարության հետ։ Թյուր են այն պնդումները, որ այս հարձակումները պայմանավորված են Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ դեսպանի վերջին շատ հստակ, և ճշգրիտ դիրքորոշմամբ: Իրականում խնդիրը շատ խորքային է։ Ֆրանսիան ներկայումս ձեռնամուխ է դառնում մի գործընթացի, որը նրան դարձնում է ոչ միայն Եվրոպայի անվտանգության նոր երաշխավորի, այլև ուժեղացնում է նրա ազդեցությունը Ուկրաինայի ճգնաժամի և հետխորհրդային տարածքում ուժերի նոր հավասարակշռության ձևավորման գործում։
Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ֆրանսիան, համաձայնեցնելով իր քայլերը ԱՄՆ-ի հետ, ակտիվորեն ձևավորում է Եվրոպայի արտաքին քաղաքականությունն ու ռազմական մոտեցումները, ինչը լրջորեն անհանգստացնում է Մոսկվային և Բաքվին։ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ակնհայտորեն հանդես են գալիս որպես գործընկերներ, որոնք համատեղ գործողությունները թուլացնելու են Ռուսաստանի ազդեցությունը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Այս պայմաններում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին դիտվում է ոչ միայն որպես դիվանագիտական ժեստ, այլև որպես խորքային քաղաքականություն, որը նպատակ ունի սահմանափակել Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքական նկրտումները տարածաշրջանում։
Ադրբեջանի և Ռուսաստանի համար Ֆրանսիայի դիրքավորումը անհանգստացնող է ոչ միայն այն պատճառով, որ այն հակասում է նրանց աշխարհաքաղաքական շահերին, այլև որովհետև այն Հայաստանի համար ստեղծում է ինքնիշխանության նոր հեռանկարներ։ Բաքուն երկար տարիներ առաջնորդվել է այն հաշվարկով, որ Հայաստանը մնալու է ռուսական ուղեծրում, ինչը թույլ կտա իրեն անպատիժ կերպով ուժ կիրառել՝ խուսափելով արևմտյան պատժամիջոցներից կամ ռազմական հակազդեցությունից։ Ֆրանսիայի ակտիվ ներգրավվածությունը փոխում է այս տրամաբանությունը՝ նվազեցնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական մանևրի հնարավորությունները։
Եվրոպական ներկայությունը Հայաստանում, որը ներկայումս արտահայտվում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջոցով, քայլ առ քայլ վերածվելու է ավելի հստակ անվտանգության երաշխավորման մոդելի։ Եթե Ֆրանսիան որոշի խորացնել այս ներգրավվածությունը, ներառյալ հնարավոր ռազմական աջակցությունը կամ անվտանգության երաշխիքները, դա կարող է արմատապես փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Սա բացատրում է, թե ինչու են Բաքուն և Մոսկվան իրենց հայաստանյան գործակիցներով փորձում ամեն կերպ վարկաբեկել Ֆրանսիայի դերակատարությունը՝ տեղեկատվական քարոզչության, քաղաքական ճնշման և հիբրիդային գործիքների միջոցով։
Ռուսաստանի համար իրավիճակն ավելի քան մտահոգիչ է։ Եթե նախկինում Մոսկվան անքննելի դիրք ուներ Հարավային Կովկասում, ապա այժմ այն բախվում է եվրոպական ազդեցության աճին, ինչը ուղեկցվում է Հայաստանի կողմից Մոսկվայի նկատմամբ վստահության խորացող ճգնաժամով։ Հատկանշական է, որ երբ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ, Ռուսաստանը ոչ միայն չաջակցեց Երևանին, այլև փաստացի անտեսեց իր դաշնակցային պարտավորությունները, կասկածի տակ դրեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվեց ճանաչել Հայաստանի միջազգայնորեն ճանաված սահմանները: Այս հանգամանքը վերջնականապես բացահայտեց, որ Հայաստանի անվտանգության համակարգը պետք է հիմնված լինի այլ՝ ավելի հուսալի գործընկերների վրա։
Իրանի գործոնը ևս պետք չէ անտեսել։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունի Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, ինչը համընկնում է Ֆրանսիայի քաղաքականության հետ։ Թեև Իրանը երկար տարիներ տարածաշրջանում գործել է Ռուսաստանի հետ համերաշխ, ներկայիս զարգացումները ցույց են տալիս, որ Թեհրանը պատրաստ է հանդես գալ որպես անկախ ուժ, որը կարող է համագործակցել Ֆրանսիայի հետ՝ զսպելու Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցությունը։ Սա ստեղծում է ուժերի նոր հավասարակշռություն, որտեղ Հայաստանը կարող է հանդես գալ որպես ինքնիշխան սուբյեկտ։
Ֆրանսիայի դեմ հարձակումները, հետևաբար, արտացոլում են ոչ միայն Հայաստանի ներքին ռուսամետ ուժերի և Բաքվի քարոզչական մեխանիզմների գործողությունները, այլև ավելի մեծ աշխարհաքաղաքական գործընթաց, որտեղ Եվրոպան՝ ի դեմս Ֆրանսիայի, աստիճանաբար ներգրավվելու է հետխորհրդային տարածքի անվտանգության ճարտարապետության ձևավորման մեջ։ Սա Հայաստանի համար հնարավորություն է՝ կառուցելու նոր, ավելի անկախ և կայուն անվտանգային համակարգ՝ հիմնված իրական գործընկերությունների, իրական դաշնակցային հարաբերությունների վրա։