Մերժում ենք մի աթոռից մի ուրիշ աթոռ թռնելու տրամաբանությունը. դա սխալ քաղաքականություն է

 «Նոր Սահմանադրության մասին խոսում էինք շատ վաղուց, նույնիսկ մինչև 2020 թվականի պատերազմը։ Նոր Սահմանադրության մասին խոսում ենք, որովհետև այն պետք է լեգիտիմ լինի, ընդունված լինի ժողովրդի կողմից,  որ որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ հենց իր կողմից ընդունված Սահմանադրություն է»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու պատճառներին։


Թորոսյանը նշեց, որ իշխանության առաքելությունն է այնպես անել, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ընկալի Սահմանադրության կարևորությունը. «Սա միայն իրավական ակտն է, որ ընդունվում է ժողովրդի կողմից, ու մեր խնդիրն է կոմունիկացիայի միջոցով բացատրել ժողովրդին, թե ինչքան կարևոր է ունենալ Սահմանադրություն, որը քո երկիրը կդարձնի մրցունակ»։


Պատգամավորը վերահաստատում է այն միտքը, որ ինչքան շատ երկրների հետ փոխկապվածության մեջ լինենք, այնքան անկախ կլինենք. «Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս շատ երկրների հետ ունենանք փոխկախվածություն և հարաբերություն»։


Թորոսյանը, անդրադառնալով այն տեսակետին, թե ՀՀ-ն չի կարող «երկու աթոռի վրա նստել» և պետք է կողմնորոշվի, թե որ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ է,  ասաց. «Չի կարելի այդքան պարզունակ դարձնել մի ամբողջ երկրի արտաքին քաղաքականությունը։ ՀՀ-ի պետական շահերից պետք է բխի մեր վարած քաղաքականությունը։ Մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները ԵՄ-ի, Պարսից ծոցի երկրների, Հնդկաստանի և այլ երկրների հետ։ Մենք մերժում ենք մի աթոռից մի ուրիշ աթոռ թռնելու տրամաբանությունը. դա սխալ ու ոչ մի տեղ չտանող քաղաքականություն է»։


Պատգամավորը կարծում է, որ ընտրությունների արդյունքում է, որ ժողովուրդը որոշելու է, թե որ քաղաքական ուժն է ճիշտ պատկերացում կազմում ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ. «Տարօրինակ կլինի ապրել հարևաններիդ հետ թշնամանքի մեջ ու ակնկալել, որ անընդհատ ինչ-որ մեկը քեզ պետք է այդ հարցում օգնի։ Որտե՞ղ է տարբերությունը, որ եթե ժամանակին դա Մոսկվան էր, ապա հիմա էլ լինի Բրյուսելը կամ Վաշինգտոնը. մենք մերժում ենք այդ մոտեցումը։ Մենք պետք է այնքան հասուն լինենք քաղաքականապես և ուժեղ տնտեսապես, որ կարողանանք առանց արտաքին միջամտության հարաբերվել մեր հարևանների հետ, այնպես, որ լինի խաղաղություն։ Դա ձեռնտու է նաև ռեսուրսների տեսանկյունից՝ տնտեսական, ռազմական, մշակութային և այլն։ Ի՞նչ են մեզ առաջարկում մեր արևմտամետ գործընկերները՝ մի քավորին փոխարինել մեկ ուրի՞շ քավորով. դա մոլորություն է ու նոր թակարդ։ Մենք ուզում ենք ինտեգրվել արևմտյան ճարտարապետությանը, բայց դա չի նշանակում, որ պետք է հակադրվենք մեր հարևաններին»։


Մանրամասն՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան