Ճահճում գտնվող ՌԴ-ին ևս պետք է պատերազմը դադարեցնել. Մոսկվան կգնա զիջումների

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև տեղի ունեցող բանակցությունները դեռ ընդամենը մեկ հարց են լուծում՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կարգավորում։ Մյուս բարդ խնդիրները, որոնք ենթադրում են նաև այլ դերակատարների ներգրավվածություն, կմնան ավելի հետոյի։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը։


Կողմերը, ըստ նրա, բարձր նշաձողեր են սահմանել։ Բանակցությունների ընթացքում դրանք կարող են իջնել։ Ինչ հանգուցալուծում էլ լինի՝ երկարաժամկետ չի լինելու, իրավիճակային է լինելու, որն ինչ-որ փուլում կրկին հանգեցնելու է վերաակտիվացման, տաք փուլի անցման։ Պետրոսյանը չի կարծում, թե շատ արագ հնարավոր է ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնել։


Ըստ Պետրոսյանի՝ հնարավոր է, որ ԵՄ-ն՝ անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից, շարունակի աջակցել Ուկրաինային։ Միաժամանակ նա նկատեց, որ քարոզչական, հոգեբանական մեծ արշավ է ընթանում ուկրաինական հասարակության վրա։ «Փորձ է արվում է ուկրաինական հասարակությանը թևաթափ անել։ Փորձում են Զելենսկուն միտումնավոր կերպով հեղինակազրկել»,- ասաց Պետրոսյանը։


Չնայած առայժմ ռուսական կողմը չի զիջում իր բանակցային դիրքերը,  մնում է իր կարծր դիրքորոշումների վրա, իր պահանջները չի նվազեցնում, բայց կա կառուցողական մոտեցում՝ Միացյալ Նահանգների հետ երկխոսելու համար։ «Ռուսաստանի նպատակն այս պահին այս խաղից Միացյալ Նահանգներին դուրս թողնելն է՝ այսպիսով արևմտյան ճակատի ջլատումը»,- ասաց արևելագետը։


Նա նկատեց, որ Ռուսաստանին ևս անհրաժեշտ է պատերազմը դադարեցնել, նա նույնպես ճահճում է գտնվում։ Դա ենթադրում է, որ Ռուսաստանը ևս գնալու է զիջումների։


Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան