Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ փաստը, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել
է խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայություն է, որ գործընթացը փակուղում
չէ։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի
փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
«Մինչ այդ էլ, երբ մենք դեռ չէինք
ստացել 12-րդ խմբագրումը, ակնհայտ էր, որ այս ուղղությամբ գործընթացը փակուղում չէ,
օրինակ՝ ի տարբերություն ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղության, որտեղ իսկապես
փակուղում ենք, մենք լճացում ունենք, բայց պայմանագրի հարցում ըստ ամենայնի մնացել
է քաղաքական նպատակահարմարության պահը. եթե այդ պահը գա, ապա ստորագրումը տեղի կունենա»,-
ասաց քաղաքագետը։
Վարչապետը նաև նշել է, որ Ադրբեջանի
հետ խաղաղության պայմանագրի նախագծում միջանցքային տրամաբանությամբ կամ Սահմանադրության
փոփոխության վերաբերյալ անդրադարձ չկա։ Իսկ հայաստանյան ընդդիմությունը շահարկում է ադրբեջանական նարատիվները։
Այս առնչութմաբ քաղաքագետն ասաց,
որ դա նորություն չէ, մեր ընդդիմությունն անընդհատ փորձում է հնարավորինս ավելի շատ
վնաս տալ Հայաստանի իշխանություններին, շատ դեպքերում ոչ միայն հօգուտ Ադրբեջանի և
Ռուսաստանի, որքան էլ ծիծաղելի է, բայց նաև երբեմն ի վնաս հենց իրենց։
Ինչ վերաբերում է հարցին, որ այդ նույն այդ շրջանակները
խոսում են նոյեմբերի 9-ի փաստաթղթից, քաղաքագետն ասաց. «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը
միակ հնարավորությունն է Ռուսաստանի համար որևէ բան դեռևս մեր տարածաշրջանում պահպանելու,
չկորցնելու կամ փորձելու հնարավորինս քիչ ազդեցության ոլորտներ կորցնել, և հասկանալի
է, որ այդ մարդիկ, ովքեր մեծ հավանականությամբ սնվում են ռուսական ռեսուրսներով՝ լինեն
դրանք նյութական կամ ոչ նյութական ռեսուրսներ, կարևոր չէ, այդ մարդիկ պետք է ռուսական
նարատիվները տարածեն մեր իրականությունում, և այդ պատճառով էլ նոյեմբերի 9-ի հայտարարության
մասին խոսում են։ Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնացած փաստաթուղթ
է, այդ հայտարարությունը վերակենդանացնելու որևէ տարբերակ գոյություն չունի և գոյություն
չունի ոչ Հայաստանի պատճառով»։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան