Եթե Ուկրաինան նահանջեր, տարածաշրջանը կխառնվեր․ այս դիմադրությունը զսպում է նաև Ադրբեջանի ախորժակը․ Բոժկո

ՀՀ-ում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ զրուցել ենք փետրվարի 28-ին Սպիտակ տան Օվալաձև կաբինետում տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի սկանդալային հանդիպման և Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։


Նա այդ օրվա իրադարձությունը բնութագրեց որպես հարված ուկրաինա-ամերիկյան փոխհարաբերություններին։


«Որովհետև մենք գիտեինք, որ Թրամփը Պուտինի նկատմամբ լավ է տրամադրված, բայց չէինք սպասում, որ այդ հանդիպումը նման ձև կստանար։ Դա վատ է մեզ համար, ես այսպես եմ գնահատում։ Ես բազմիցս մասնակցել եմ նման հանդիպումների, բանակցությունների այն ժամանակ, երբ աշխատում էի ԱԳՆ-ում, և գիտեմ՝ ինչպես են պատրաստում նման հանդիպումները։ Եվ իհարկե ինձ համար մի քիչ տարօրինակ էր, որ մինչև վերջ քննարկված չէին այդ հանդիպման պայմանները, հանդիպման ծրագիրը, բանակցությունների ծրագիրը, այդ փաստաթուղթը ստորագրելու հնարավորությունը։ Այսինքն՝ բոլորն ասում էին, որ այնտեղ կա 50-50 հնարավորություն, բայց երբ գնում ես բանակցությունների, ապա պետք է վստահ լինես, որ կհասնես քո առաջ դրված նպատակին։ Ուկրաինայի նպատակն է լավացնել Ամերիկայի հետ հարաբերությունները նոր նախագահի ժամանակ։ Բայց այս դեպքում ես  չէի տեսնում, որ այդպիսի վստահություն կա»,- ասաց նախկին դեսպանը։      


Նա նշեց, որ եթե ինքը շարունակեր աշխատել ԱԳՆ-նում, իր կարծիքն այն կլիներ, որ չարժե այժմյան պայմաններում գնալ Ամերիկա, որպեսզի այդ շատ կարևոր հարցերը քննարկվեին՝ նոր, մանավանդ, իրենք արդեն տեսել են՝ ինչպես է ԱՄՆ փոխնախագահը եկել Եվրոպա, ինչպես էր խոսում և ինչ տեսակետ ունի նա եվրոպական, ամերիկյան հարաբերությունների մասին։      


«Առավել ևս, եթե մենք խոսում ենք Ուկրաինայի մասին, ավելի կարևոր են, ավելի լուրջ են Ուկրաինայի և Ամերիկայի փոխհարաբերությունները, դրա համար ես, օրինակ, մտածում եմ՝ չարժեր, որ մեր նախագահը նման պայմաններում գնար Ամերիկա»,- ասաց Ալեքսանդր Բոժկոն։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան