Քոչարյան-Սարգսյան «փոխհրաձգություն»․ «Քոչարյանի՝ իշխանություն չհանձնելու գագաթնակետը եղել է Մարտի 1-ը»

Քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ զրուցել ելք Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի վրա դրանց ազդեցության և ներքաղաքական հարցերի շուրջ։


«Իրականում կարծում եմ՝ դա բոլորի համար անսպասելի ելք էր, քանի որ, ըստ էության, Ուկրաինայի նախագահը գնացել էր ԱՄՆ՝ ստորագրելու այն համաձայնագիրը, որն արդեն երկու նախագահների թիմերի կողմից նախապատրաստվել էր և պետք է վերջնական ստորագրում ստանար, սակայն այն, ինչ որ տեղի ունեցավ, ցույց տվեց այն խութերը և հակասությունները, որոնք կան ԱՄՆ ներկայիս վարչակարգի մոտեցումների և Զելենսկու ու Ուկրաինայի մոտեցումների ու նաև եվրոպական մոտեցումների միջև։ Իսկ դա հետևյալն է՝ Ուկրաինան ցանկանում է հստակ երաշխիքներ կնքվելիք խաղաղության համար։    

  

«Խնդիրը հետևյալն է՝ Ուկրաինան կողմ չէ պատերազմի դադարեցմանը, բայց միևնույն ժամանակ Թրամփից պահանջում է, որ եթե օրինակ՝ դուք ցանկանում եք կանգնեցնել պատերազմը, դա նաև ձեր նախաձեռնությունն է, դուք եք գտնում, որ պետք է խաղաղություն հաստատվի, ապա նաև դուք պետք է լինեք երաշխավորը այդ խաղաղության։ Եվ այստեղ  կարծես թե ԱՄՆ-ի կողմից կա որոշակի ոչ լիարժեք մոտեցում կամ դիրքորոշում՝ հստակ երաշխիքների հետ կապված։ Եվ ես կարծում եմ՝ դրա արդյունքում էլ տեղի ունեցավ այդ կոնֆլիկտը, քանի որ ամերիկյան կողմին կարծես թե դուր չէր գալիս, երբ որ Զելենսկին շեշտում էր հստակ երաշխիքների խնդիրը և նշում էր, որ Պուտինի հետ հնարավոր չէ պայմանավորվել, քանի որ վերջին տարիների ընթացքում Պուտինն առնվազն 25 անգամ խախտել է իր  իսկ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասաց քաղաքագետը։


 Հարցին, թե այս զարգացումները ինչպես կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի վրա, քաղաքագետն ասաց, որ ԵՄ-ն, որպես նաև անվտանգային միություն, շատ կարևոր է  Հայաստանի հետագա անվտանգության համար։


«Բազմիցս խոսել ենք ՆԱՏՕ-ի մասին, և մեր տարածաշրջանի որոշ պետությունների ու մասնավորապես Իրանի և նաև Ռուսաստանի վերաբերմունքը ՆԱՏՕ-ի հետ կապված մենք գիտենք, և բնականաբար ՆԱՏՕ-ին անդամակցելու Հայաստանի հեռանկարները բավականին մշուշոտ էին, բայց եվրոպական անվտանգային նոր համակարգի համատեքստում Հայաստանը կարող է գտնել իր հետագա անվտանգային կայուն համակարգը։ Եվ այն անվտանգային սիստեմը, որը կստեղծվի Եվրոպայում՝ կապված միացյալ ուժերի ստեղծման և միացյալ ջանքերով Եվրոպան պաշտպանելու հետ՝ անկախ Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից, դա լայն հնարավորություն է բացում Հայաստանի համար՝ ինտեգրվելու այդ անվտանգային համակարգին  և այդ անվտանգային համակարգի շրջանակներում, եվրոպական անվտանգության, գլոբալ անվտանգության համատեքստում նաև իրականացնելու իր անվտանգության ապահովումը»,- նշեց Էդգար Առաքելյանը։


Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ինքը չի քննադատի Զելենսկուն:  «Դա այն չէ, ինչ մեզ պետք է: Ուկրաինային միասնականություն է պետք»,- ասել է Պորոշենկոն: Մինչդեռ  այդ սկանդալային հանդիպումից շատ է ոգևորվել հայաստանյան ընդդիմությունը, որը 2020 թվականի պատերազմից սկսած ակտիվ կերպով պահանջում է իշխանության հրաժարականը։


Այս առնչությամբ քաղաքագետն ասաց, որ մեր ընդդիմությունը իրականության մեջ 180 աստիճան հակառակ վարքագիծն է դրսևորել։


«Եվ ասեմ ավելին. պատերազմի թեժ ժամանակահատվածում ընդդիմության դաշնակցական թևն առաջարկեց ստեղծել բանակից ու կառավարությունից անկախ ռազմաքաղաքական խորհուրդ, որը կղեկավարի այս ամբողջ պատերազմական և քաղաքական գործընթացները։ Սա ամենավտանգավոր բանն էր, որը կարող էր անել ցանկացած ընդդիմություն՝ պատերազմող երկրի ներսում։ Սա նշանակում էր ստորադասել ինստիտուցիոնալ բանակը, ինստիտուցիոնալ պետությունը իրենց նեղ քաղաքական շահերին և կուսակցությունը բերել պետության մակարդակի»,- ասաց քաղաքագետը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան