ՀՀ իշխանությունը լուրջ քայլեր է անում․ ԵՄ գնալով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կկարգավորվեն

Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղերձով դիմեց իր ժողովրդին, որում խոսեց նաև միջուկային պատերազմից՝ մասնավորապես նշելով, որ Ֆրանսիան կքննարկի միջուկային զենքով եվրոպական դաշնակիցներին պաշտպանելու հարցը։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը տեսակապի միջոցով զրուցել է Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։

 

Նա նշեց, որ աշխարհում, երկրագնդի վրա կարգավիճակ է փոխվել։ Եվրոպան վերջիվերջո հասկացել է, որ, ինչպես ասաց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, 500-միլիոնանոց ԵՄ-ն այլևս չի կարող օգնություն խնդրել 300-միլիոնանոց ԱՄՆ-ից, որպեսզի իրեն պաշտպանի 140-միլիոնանոց Ռուսաստանից։

 

«Դա իրականություն է, և այս վերջին ընթացքում մենք բոլորս հասկանում ենք, և առաջին հերթին, բնականաբար, եվրոպացիներն են հասկանում, որ այլևս մեծ հույսեր կապել Միացյալ Նահանգների ռազմական հզորության հետ, համենայնդեպս մոտակա 4 տարվա ընթացքում անհնարին կլինի՝ Դոնալդ Թրամփի դրսևորած քաղաքականության պատճառով, և Եվրոպան ինքը պետք է մտածի իր պաշտպանության, իր քաղաքական ապագայի և ընդհանրապես իր գոյության մասին։ Եվ այդ աշխատանքը, այդ գործը ստանձնեց Ֆրանսիան՝ Էմանուել Մակրոնի անձով»,- ասաց Բագրատ Առաքելյանը։

 

Մեր զրուցակցի խոսքով՝ արդեն խոսակցություններ կան մի որևիցե եվրոպական կամ Եվրոպան համախմբող մի ռազմական կազմակերպության ստեղծման մասին, որը կտարբերվի ՆԱՏՕ-ից և կկարողանա զբաղվել կոնկրետ եվրոպական անվտանգությամբ։

 

«Քանի որ սպառնալիքը բավականին լուրջ է, քանի որ, ի տարբերություն ԱՄՆ ղեկավարության, եվրոպական ղեկավարները լավ հասկանում են, որ Ուկրաինայում այսօր ոչ միայն Ուկրաինան է պայքարում Ռուսաստանի դեմ, այլև ընդհանրապես եվրոպական քաղաքակրթությունը։ Եվ հիմա արվում են արդեն առաջին քայլերն այն ուղղությամբ, որ ստեղծեն իրենց սեփական պաշտպանական համակարգը, ստեղծեն մի նոր դաշինք, որտեղ, կարծում եմ, կընդգրկվեն ոչ միան ԵՄ երկրները, այլև այն երկրները, որոնք համապատասխանում են և պատրաստ են ընդունել այն արժեքները, որոնք այսօր գոյություն ունեն Եվրոպայում»,- ասաց Բագրատ Առաքելյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան