Մոսկվան անընդհատ սպառնում է, բայց մենք պետք է Հայաստանը գրավիչ դարձնենք

Օրերս ՌԴ դեսպան Կոպիրկինն էր հարցազրույց տվել և զգուշացրել Հայաստանին, թե միաժամանակ չեք կարող նստել և ԵԱՏՄ, և ԵՄ աթոռին։


Թեմայի վերաբերյալ  զրուցել ենք Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։


«Մոսկվան արդեն երկար ժամանակ ակնարկում է մի բան, որը կոչվում է սպառնալիք։ Ես կարծում եմ, որ ասածի մեջ կա տրամաբանություն, և ժամանակին, երբ որոշում էր կայացվում, որ Հայաստանը մտնի այդ մաքսային միության մեջ, որը հետո կոչվեց ԵԱՏՄ, նաև զգուշացնում էինք, որ դա ճիշտ ընտրություն չի, որովհետև չաշխատող համակարգ է։ Այն, որ այսօր Հայաստանն այդտեղ լինելուց ունի որոշակի դիվիդենդներ, ոչ թե նրանից է, որ լավ տնտեսական համակարգ է գործում, այլ որ կան որոշակի տնտեսական պատժամիջոցներ և այլն, և այլն, որոնցից տարբեր երկրներ, նաև Հայաստանը, ժամանակավոր օգուտներ ունեն, բայց դա բացարձակապես չի նշանակում, որ դա շարունակվելու է  մշտապես։ Այնպես որ, սպառնալիքները թող մնան սպառնալիքներ, բայց այն, որ Հայաստանի կողմնորոշումը պետք է գնա դեպի որակյալ տնտեսություն՝ միանշանակ է։ Որովհետև, վեջիվերջո, խոսքը ոչ թե ռուսասիրության կամ ռուսներին չսիրելու մասին է, խոսքը տնտեսական համակարգերի մասին է, մեկն արդյունավետ է, մյուսն արդյունավետ չէ»,- ասաց Ռուբեն Բաբայանը։


Նրա խոսքով՝ երբ ուզում են, որ դու մնաս որոշակի տնտեսական համակարգում, այդ համակարգը փորձում են դարձնել գրավիչ, և այդ ժամանակ պետք չէ գործել սպառնալիքներով. եթե համակարգը գրավիչ է, ուրեմն պարզ է, որ միայն ապուշը կարող է հրաժարվել այդ համակարգից, իսկ եթե համակարգում կամ այդ ոլորտում պահելը հնարավոր է միայն սպառնալիքներով, նշանակում է, որ ուրիշ ձև, ուրիշ սկզբունք չկա համոզելու, որ դու լինես այդտեղ։


«Կարող է ժամանակավոր որոշակի օգուտներ ունենաս, բայց չէ՞ որ մենք մտածում ենք մեր երկրի մասին ոչ թե մեկ-երկու տարվա ապագայի ակնկալիքներով, այլ մտածում ենք՝ ոնց անենք։ Եվ պետք է անկեղծ խոստովանենք, որ դեռ ոչ մեկին չի հաջողվել այս 35 տարվա ընթացքում անել այնպես, որ մեր երկիրը լինի գրավիչ մեր քաղաքացիների համար։ Մենք, ցավոք սրտի, երկրի գրավիչ լինելը հաճախակի փոխարինել ենք պարզապես վայ հայրենասիրական  կոչերով, բայց փաստը ցույց է տալիս, որ նույնիսկ նրանք, ովքեր շատ ակտիվ են օգտագործում հայրենասիրական թեզերը, իրենք, իրենց ընտանիքները, իրենց ամենամտերիմ բարեկամները  ուրիշ, օտար ափերում են գտնում իրենց ապագան, ուրեմն խնդիրն ուրիշ տեղ է։ Խնդիրն այն է, որ մենք պետք է այս երկիրը գրավիչ դարձնենք մարդու համար։ Հիմա հաճախ խոսում են տարբեր գաղափարախոսությունների մասին. ես, անկեղծ ասած, ընդունում եմ միայն մեկ գաղափարախոսություն, որի կենտրոնում մարդն է՝ որպես մեծագույն արժեք, մնացածն արդեն ենթադրվում է։ Եթե մենք մարդուն ենք համարում մեծագույն արժեք, պետք է այդ մարդու համար ստեղծենք բոլոր պայմանները»,- նշեց Ռուբեն Բաբայանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ  Թադևոսյան