ՃՈ պետի նախկին տեղակալին ու նրան փոխկապակցված անձանց գույքի վերաբերյալ դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը ծանուցագրեր է ուղարկել
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել  Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արթուր Տոնոյանին և փոխկապակցված ևս մի քանի անձի՝ որդուն՝ Գոռ Տոնոյանին, հորը՝ Սամսոն Տոնոյանին, ինչպես նաև Նաիրա Նադոյանին, Մարիամ Իշխանյանին և Ասյա Սահակյանին։ Սույն վարույթով անցնող այս անձանց պատկանող գույքի վերաբերյալ, ինչպես Civic.am-ը տեղեկացավ azdarar.am կայքից, ՀՀ  գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն իրականացրել է ուսումնասիրություն ու կազմել ամփոփագրեր։  Հիշյալ անձինք դատախազություն պետք է ներկայանան ս.թ. հուլիսի 31-ին։  

Հիշեցնենք, որ Արթուր Տոնոյանը  մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և համաձայնեցված գործողություններով մրցակցությունը սահմանափակելու մեջ՝ Պետական վերահսկողական ծառայության՝ Ոստիկանությունում  2019-ին իրականացրած ուսումնասիրության (https://www.azatutyun.am/a/30273914.html) հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում։ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգել էր ՃՈ գնումների գործընթացները և պարզել, որ տասը տարի շարունակ համարանիշների մատակարարման մրցույթում հաղթել է միևնույն՝ «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն, որին էլ, ըստ էության, քննությունն իրականացնող մարմնի պնդմամբ, հովանավորել է Արթուր Տոնոյանը: 

Գործը քննող Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր՝ Տոնոյանը սահմանափակել է Ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություններից մեկի մուտքը Հայաստանի Հանրապետության շուկա խոչընդոտելու ուղղությամբ՝ այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը և նպաստելով վերջինի կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական՝ 700 մլն դրամի վնաս։

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Տոնոյանը ՃՈ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2016-ից, պետական գնումների մոնիթորինգ իրականացնող Tender-Monitoring.am կայքի համաձայն՝ 2017-2019 թվականներին մրցույթների արդյունքում գրեթե 1,8 միլիարդ դրամի պայմանագիր է կնքել, որոնց զգալի մեծամասնությունը հենց Ոստիկանության հետ կնքված պայմանագրերն են։