Վլադիմիր Գասպարյանի հետ նույն գործով մեղադրյալ Վարդան Թունյանին դատարանը թույլատրեց արձակուրդն անցկացնել Կիպրոսում
Հակակոռուպցիոն դատարանում ընթացավ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լևոն Երանոսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ Այսօրվա նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը։

2012 թվականից ոստիկանության զորքերում ծառայություն անցած, օպերատիվ բաժնի պետ աշխատած վկա Արմեն Մելքումյանը դատարանին հայտնեց, որ չի հիշում, թե երբ է Գասպարյանի դուստրը նշանակվել պաշտոնի, սակայն այն ժամանակ  լսել է, որ Յուլյա Գասպարյանը    նշանակվել է օպերատիվ բաժնի ավագ սպայի հաստիքում։

Վկան նշեց, որ Յուլյա Գասպարյանն իր ենթակայության տակ  գտնվող հաստիքում է նշանակվել, սակայն նա զեկուցագիր չի գրել, որ Գասպարյանը աշխատանքի չի ժամանում, քանի որ իմացել է, որ նախարարի աղջիկն է։

Պաշտպանական կողմը վկային հարցեր չուներ, փոխարենը դատավորը ոստիկանության նախկին ծառայողին մի քանի հարց հղեց Գասպարյանի դստեր՝ աշխատանքի չներկայանալու մասին:

Մյուս վկան նշեց, որ իր տված նախաքննական ցուցմունքը կապ չի ունեցել Վլադիմիր Գասպարյանի հետ։ Այն 2015-2016 թվականներին է առնչվել, երբ Վլադիմիր Գասպարյանը վարչության պետ չի եղել։

Վկան նշեց նաև, որ Վլադիմիր Գասպարյանի հետ ծառայության ընթացքում առնչվել է միայն ատեստացիաների ժամանակ, իսկ կոչումներ կամ պաշտոնի բարձրացում երբեք չի ստացել՝ 1998 թվականից ընդունվել է ծառայության որպես դասականի հրամանատար և 2016-ին ավարտել է ծառայությունը նույն պաշտոնում։

Դատավոր Վարդգես Սարգսյանը տեղեկացրեց, որ վկա Մելինե Բաբայանին բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել, որը, սակայն, դեռ չի կատարվել։ Մյուս վկա՝ Ռոման Ավետիսյանին բերման ենթարկելու մասին ևս որոշում է կայացվել, սակայն Վարդգես Սարգսյանն ասաց, որ տեղեկություններ չունի վկային բերման չենթարկելու պատճառների մասին։ Մյուս վկան՝ Գագիկ Երանյանը, գրություն է ուղարկել դատարանին, որ չի կարող ներկայանալ այսօրվա նիստին՝ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ծանրաբեռնված աշխատանքի պատճառով։

Ապա դատարանն անցավ ամբաստանյալ Թունյանի պաշտպանի միջնորդության քննարկմանը։ Ըստ պաշտպանի՝ դեռ 2019 թվականին իր պաշտպանյալը Ռուսաստանի Դաշնությունում հետազոտվելուց հետո ստացել է որոշակի ախտորոշում, որը պաշտպանը չբարձրաձայնեց՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորելու համար, որը, սակայն, նշված էր միջնորդության մեջ։ Պաշտպանը նշեց նաև, որ Թունյանը այս ընթացքում բազմիցս մեկնել է արտերկիր՝ կարճատև բուժումների համար, իսկ հիմա միջնորդում են թույլատրել օգտվել արձակուրդից և մեկնել արձակուրդ։

Դատախազը չառարկեց՝ նշելով, որ որոշումը թողնում է դատավորի հայեցողությանը։

Դատավոր Վարդգես Սարգսյանը բավարարեց միջնորդությունը և թույլատրեց ամբաստանյալ Վարդան Թունյանին արձակուրդն անցկացնել Կիպրոսում։

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ում քննվող բազմադրվագ քրգործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակության դեպքեր։ Դրանց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:

Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում)։

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան