Դատախազությունում առաջխաղացման հնարավորություն տրված է պրոֆեսիոնալ, բարեվարք ու սրտացավ մասնագետներին. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով մարտի 7-ին Վարպետաց դաս է անցկացրել Դպրոցի ուսանողների համար՝ անդրադառնալով օրենքի գերակայության գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու մարտահրավերներին ու հաջողության պատմություններին:


Աննա Վարդապետյանը, ի պատասխան ուսանողների հարցերին, անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ղեկավարման իր փորձառությանը, առկա մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղիներին, այդ ուղիների որոնման համար անհրաժեշտ ռազմավարական մտածողությանը, առաջնորդության և բարեվարքության հետ կապված մի շարք հարցերի:


Դատախազության կադրային առողջացման ոլորտում իրականացվող քաղաքականության մասին հարցին պատասխանելիս հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է մարդկանց գաղափարի շուրջ համախմբելու անհրաժեշտությունն ու նշել. «Դատախազությունում բոլորը գիտեն, որ առաջխաղացման հնարավորություն տրված է պրոֆեսիոնալ, աշխատասեր, բարեվարք, սրտացավ, իր առաքելությանը նվիրված յուրաքանչյուր մասնագետի»:


Աննա Վարդապետյանը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի: