Երեկ Գյումրիում գալա միջոցառման
ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է
ունեցել, որի ժամանակ ասել է. «Առնետներին պետք է ուղարկել իրենց առնետային
նկուղները։ Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելիս մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքները
և հիշողությունն արտահայտեն քվեարկությամբ»։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, կուսակցության փոխնախագահ
Վահագն Ալեքսանյանի հետ։
«Վարչապետը, կարծում եմ, շատ
հակիրճ, համառոտ և դիպուկ կերպով նկարագրել է Գյումրիում տեղի ունեցողը, որովհետև տարատեսակ
քաղաքական, կիսաքաղաքական կամ կիսաքրեական երևույթներ Գյումրիում դուրս են եկել իբրև
թե ընտրապայքարի, իսկ իրականում ապօրինի գույքի պաշտպանության ճակատամարտի, որպես էդպիսին։
Մի մասը դա արել է սեփական ապօրինի գույքը պաշտպանելու համար, մյուս մասը՝ քաղաքական
շեֆերի ապօրինի գույքը պաշտպանելու համար։ Վառ օրինակ՝ Միքայել Մինասյանից, նրա հետ փոխկապակցված
անձանցից մի քանի միլիարդ արժողությամբ Սևանի հայտնի ռադիոկայանը, որը ռազմավարական
նշանակության օբյեկտ է, սակայն գտնվում էր
նրա տիրապետության տակ, վերջերս վերադարձվեց պետությանը»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։
Խոսելով նաև Ռոբերտ Քոչարյան-Սերժ
Սարգսյան «փոխհրաձգության մասին՝ Վահագն Ալեքսանյանն ասաց, որ չի կարծում, թե դա նոր
է սկսվել, այլ այդ ամենը հետնաբեմում շատ ավելի երկար ժամանակ է, ինչ տեղի է ունենում,
հիմա ուղղակի ի ցույց են դրել ամեն ինչ, բայց կարծում է, որ դրա վրա առհասարակ պետք
չէ սևեռվել։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր
մամուլի այն արձագանքներին, թե իբր Գյումրիում վարչապետի հանդիպումը վատ է անցել, պատգամավորն
ասաց. «Ընդդիմադիր մամուլին խորհուրդ կտամ, որ իրենց քաղաքական շեֆերին վերցնի գնա
Գյումրիում նկարի, ցույց տա, թե որն է լավ ընդունելությունը, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին
կամ Սերժ Սարգսյանին պատկանող այդ լրատվականներից
մեկը թող Սերժ Սարգսյանի թևից, մեկը՝ Ռոբերտ Քոչարյանի թևից վերցնեն, տեսախցիկները
միացնեն, Գյումրիով քայլեն, մենք էլ տեսնենք, թե որն է լավ ընդունելությունը»,- ասաց
Վահագն Ալեքսանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան