Քոչարյանի մասին գյումրեցիների հիշողությունները լավը չեն․ մարտի 30-ին «առնետներին» կուղարկեն համապատասխան վայրեր

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցեց Գյումրիի և Փարաքարի ընտրություններին ընդառաջ՝ գալա միջոցառմանը։ Իր ելույթում վարչապետը նշեց, որ առնետներին պետք է ուղարկել իրենց առնետային նկուղները։ «Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելիս մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքները և հիշողությունն արտահայտեն քվեարկությամբ»,- ասել է վարչապետը։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հետ։


«Բնականաբար կասեմ, որ վարչապետը Գյումրիում հնչեցրած իր ելույթի ընթացքում բացառապես ճշմարտության մասին է խոսել։ Այո, այսօր քաղաքական արենայում հայտնվել են այնպիսի մարդիկ, որոնք, տարիներ շարունակ կեղծելով ընտրությունները, եկել են իշխանության  և իրենց չակերտավոր ընտրված ղեկավարներ են համարել։ Ու ես ստորագրում եմ վարչապետի ասած յուրաքանչյուր բառի տակ, որովհետև դրանք բացարձակ ճշմարտություն ու իրականություն են, ու դրա մասին գիտի Գյումրիում ապրող յուրաքանչյուր քաղաքացի, ու ոչ միայն Գյուրիում, որովհետև այն մարդիկ, ովքեր այսօր պայքարում են Գյումրու համայնքապետի պաշտոնի համար, նրանք այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ վախի ու սպառնալիքի մթնոլորտի տակ են պահել մեր քաղաքացիներին, դրանք այն  մարդիկ են, որոնք այսօր անցնում են բազմաթիվ քրեական գործերով, դրանք այն մարդիկ են, որոնք ամուր թելերով կապված են Սերժ  Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասաց պատգամավորը։


Այնուհետև նա նշեց, որ «փեսա Միշիկի» սրտի թեկնածուն այս պահին Ռուբեն Մխիթարյանն է, որը ևս պայքարում է Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար։ Եվ այդ անձն իր խոսույթներից մեկում նշել է, որ համայնքը կարող է զարգանալ առանց կառավարության՝ միևնույն ժամանակ նշելով, որ «Նիկոլն այդ փողերը հոր տնից չի բերել, որ հանձնի համայնքին, որ մնա վարչապետի հայեցողությանը»։


«Այո, վարչապետն իր ելույթում նշեց, ես էլ  օրերս գրառում էի կատարել այդ մասին, որ իրականում ճիշտ է ասում այդ անձը, որովհետև ոչ միայն վարչապետը, այլև մեր թիմակիցներից որևէ մեկը նման կարողությունների չի տիրապետում։ Եվ բնավ մենք չէինք կարող իր նշած հասցեներից բերել այդ գումարները, բայց այ, իր քաղաքական հայրերի ու մայրերի տներում կան ահռելի մեծ գումարներ, որոնք մենք վերջին տարիներին բերել ենք և շարունակելու ենք բերել և ծառայեցնել ի շահ քաղաքի, ի շահ գյումրեցու։ Այնպես որ, այդպիսի ամպագոռգոռ հայտարարություններով թող իրենց չթվա, թե կկարողանան գյումրեցիներին ապուշի տեղ դնել»,- ասաց Էմմա Պալյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան