Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝
եթե Ռուսաստանը համաձայնի Ուկրաինայի հետ հրադադարին, ապա քաղաքական իմաստով հետաքրքիր
զարգացումներ են սպասվում։ Civic.am-ի հետ զրույցում Ղևոնդյանն ասաց, որ դա հնարավորություն
կտա երկու երկրներին իրենց տարածաշրջաններում գործընկերների հետ վերբեռնելու փոխհարաբերությունները,
իսկ գերտերությունները կկարողանան կենտրոնանալ այլ խնդիրների վրա. «Սակայն դեռևս փաստ
չէ, որ Ռուսաստանը կգնա նման համաձայնության։ Ի վերջո Ռուսաստանը պնդում է, որ ՆԱՏՕ-ի
զորքեր Ուկրաինայում չպետք է լինեն, Ուկրաինայի մնացած հատվածը չպետք է դառնա ՆԱՏՕ-ի
անդամ, սակայն նման երաշխիքներ որևէ մեկը Ռուսաստանին կարծես թե չի տվել»,-ասաց նա։
Խոսելով Հարավային Կովկասի վրա հնարավոր
ազդեցության մասին՝ մեր զրուցակիցը
նշեց. «Կարևոր է, թե ինչպես
կավարտվի այդ պատերազմը, որովհետև տարբեր ավարտների դեպքում ազդեցությունը տարբեր է
լինելու։ Եթե զինադադարը լինի, կարծում եմ՝ Ռուսաստանը շունչ քաշելու հնարավորություն
կունենա և ավելի ակտիվորեն կփորձի պայքարել մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելու
դեմ»։
Միևնույն ժամանակ փորձագետը
չի կարծում, թե Ռուսաստանը կխոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի
ստորագրմանը. «Ըստ ամենայնի, Ռուսաստանը փորձում է մասնակցություն ունենալ խաղաղության
պայմանագրի կնքման հարցում, բայց իր համար զգայուն երկու թեմաները՝ սահմանազատում-սահմանագծումն
ու ենթակառուցվածքների ապաշրջափակումը, դուրս են խաղաղության պայմանագրի կարգավորման
տիրույթից։ Գուցե Արևմուտքն է առաջարկել կամ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն են
որոշել, որ կարելի է Ռուսաստանի համար զգայուն թեմաները հանել խաղաղության պայմանագրից՝ Ռուսաստանի մասնակցությունը նվազագույնի հասցնելու
համար։ Ելնելով այս տրամաբանությունից՝ Ռուսաստանը նվազագույն չափով կմիջամտի, եթե
Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն ստորագրել խաղաղության համաձայնագիրը»։
Միևնույն ժամանակ Ղևոնդյանը
չի համարում, որ մյուս հարցերում Ռուսաստանը նվազ ներգրավվածություն կունենա. «Օրինակ՝ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում
ՌԴ-ն ունի կենսական շահեր, որոնք փորձելու է ատամներով պահել։ Այլ հարց է՝ ինչքանով
կստացվի»։
Ինչ վերաբերում է ՀՀ
իշխանությունների հետ պաշտոնական Մոսկվայի հարաբերություններին և ընդդիմադիր դաշտից
եկող ազդակներին, Ղևոնդյանը նկատեց՝ Ռուսաստանը չունի գործիքներ Հայաստանում
իշխանություն փոխելու համար, Մոսկվան ուզի, թե չուզի՝ պետք է աշխատի ներկա իշխանության
հետ։