Ոստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդին

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 13-ի լուսադեմին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրում էր, որ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին ոստիկան մոտենա։


«Անմիջապես նշված հասցե մեկնեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։


Ահազանգած 28-ամյա քաղաքացին երկու նռնակ ձեռքին պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել և պայթեցնել տունը։


Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը իրավապահներին է հանձնել նռնակները։


Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ։