Քաղաքագետ Հրայր Մանուկյանի կարծիքով՝ մարտի 30-ին Գյումրիում ու Փարաքարում սպասվող ընտրություններն էական նշանակություն են ունենալու քաղաքական դաշտի համար՝ 2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ։
Civic.am-ի հետ զրույցում Մանուկյանն
ասաց, որ եթե ՔՊ-ն Գյումրիում չհաղթի, չհաղթի նաև Լևոն Բարսեղյանը՝ շատ վատ կլինի Հայաստանի
համար. «Իշխանությունը կարող է մտածել՝ փաստորեն նախկին կոռուպցիոներների
հետևից գնալը մեզ ձայներ չի ապահովում։ Դատաիրավական համակարգը կարող է սկսել ավելի
թույլ գործել՝ մտածելով, որ նախկիններին պատժելով իշխանությունը ձայն չի ստանում, այլևս
այդ ճանապարհով չենք գնա։ Սա է, որ շատ վտանգավոր է, և ես հուսով եմ, որ Գյումրիում
մարդիկ հասկանում են այս կոնտեքստը»։
Մանուկյանի խոսքով՝ պետք չէ վստահ լինել, որ գյումրեցին Վարդան
Ղուկասյանին չի ընտրի. «Մարդիկ կարող են մտածել՝ քանի որ իշխանությունները Վարդանիկին
չեն ունեզրկել, «ինադու» կգնամ ու նրան կընտրեմ»։
Մեր զրուցակիցը կարծում է, որ արժանահավատ չեն նաև «Գելափի»՝
օրերս անցկացրած հարցումները, ըստ որի՝ իշխանության վարկանիշն ընկել է. «2021 թվականին
իրենք ավելի բարձր վարկանիշ էին ցույց տվել Ռոբերտ Քոչարյանի ուժին, բայց մենք տեսանք,
թե ինչ տեղի ունեցավ։ Չեմ կարծում, թե մարդիկ
այդ հարցումներին նայելով են գնում ընտրում»։
Մանուկյանի խոսքով՝ մինչև հեղափոխությունը Գյումրիում բոլոր
ընտրություններին կաշառք է բաժանվել, հիմա եթե լինի՝ ընդդիմության կողմից է լինելու,
ինչն իրավապահ մարմինները կարող են արագ բացահայտել։
Մանրամասն՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան