Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը
և բանակցության ավարտը ողջունեցին աշխարհի շատ երկրներ՝ հայտնելով պայմանագրի ստորագրման
ակնկալիք:
Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հեռախոսազրույց
է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի
նախագահ Էմանուել Մակրոնի ու Իրանի
նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին
գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է,
որ այս ամենինց հետո կստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Իհարկե, կարելի է և հավանական համարել, որ կստորագրվի, և հավանական համարել, որ չի
ստորագրվի, բայց այն ջղաձգումները, որ մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից, տպավորություն
է թողնում, որ իրենք չէին սպասում, որ հայկական կողմը կընդունի այդ առաջարկը, որովհետև
իրենք ծրագրերում այլ նպատակներ ունեն, որոնք կապ չունեն խաղաղության հետ: Բայց միջազգային
այն հուժկու արձագանքը, որ մենք տեսանք՝ այն պարագայում, որ դա դեռ չի էլ ստորագրվել,
ընդամենը համաձայնեցվել է, վկայում է այն մասին, որ Ադրբեջանն այնքան էլ բարվոք վիճակում
չէ՝ կատարելու համար իր ռազմական ագրեսիաները: Մանավանդ, երբ հաշվի ենք առնում Թրամփի
վարչակազմից Մայքլ Ուոլցի այդ կարևոր հայտարարությունը և հանձնառությունը Ադրբեջանին։
Որովհետև կոչն ուղղված է Ադրբեջանին, որպեսզի չգնան սադրանքների, այդ թվում՝ բաց թողնել
պատանդներին և ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասաց Առնոլդ Բլեյանը։
Դիտարկմանը՝ միգուցե Ալիևը չէ՞ր
սպասում նման միջազգային արձագանքի, այդ պատճառով է նման ագրեսիվ վարքագիծ դրսևորում,
Առնոլդ Բլեյանն արձագանքեց, որ այն հանգամանքը, որ երեկ մեկ օրվա ընթացքում մենք ստիպված
եղանք հերքել, այսօր արդեն ԵՄ դիտորդներն իրենց հերթին հաստատեցին հայկական կողմի այդ
հերքումը, ցույց է տալիս, որ իրենք չէին սպասում։
Մեր զրուցակիցն այս առումով շատ
կարևոր է համարում նաև թուրքական լրատվամիջոցների հրավերը Հայաստան։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան