Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել
են Խաղաղության պայմանագրի բոլոր դրույթները, սակայն Բաքուն շարունակում է իր ՊՆ-ի
միջոցով ապատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը սահմանին խախտել է հրադադարը։
ՀՀ
ՊՆ-ն հերքել է այդ ապատեղեկատվությունը։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։
«Այն օրը, երբ հայտարարվեց, որ
խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, այդ օրվա երկու պահանջները,
որ առաջադրվեցին Ադրբեջանի կողմից, և դրան հավելած պաշտպանության նախարարության կողմից
այս ապատեղեկատվությունը վկայում են մեկ բանի մասին՝ պայմանագրի ստորագրումն ամենևին
ցանկալի չէ կամ շահեկան չէ Ադրբեջանի համար։
Նախ եկենք փորձենք երևույթներին
նայել հենց Բաքվի տեսանկյունից, ըստ որում՝ կանխավ ասել, որ եթե Բաքվին ձեռնտու չէ,
դա չի նշանակում դեռևս, որ կարող է ձեռնտու լինել Հայաստանին։ Բայց երբ Բաքուն հայտարարում
է, որ բանակցված պայմանագիրը կստորագրի միայն այն դեպքում, երբ Հայաստանն իր Սահմանադրությունը
փոխի և երբ լուծարվի ՄԽ-ն, սա նշանակում է,
որ այդ երկու պահանջներն արտացոլված չեն պայմանագրի մեջ, այլապես ինքն այդ խնդիրները
լուծելու համար կստորագրեր. շատ բանական է»,- ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ սա նշանակում է՝
բանակցություններում Բաքվին չի հաջողվել այդ խնդիրները մտցնել օրակարգ, և դա, հանուն
արդարության, ունի բացատրություն. որովհետև ՄԽ-ի լուծարման հարցի դեպքում խոչընդոտ
է եղել և մնում Ադրբեջանի՝ նախկինում որդեգրած դիրքորոշումը, որ ինքն իր տարածքային
խնդիրների շուրջ Հայաստանի հետ որևէ բան չի պատրաստվում քննարկել, իսկ ՄԽ-ի հետ կապված
որևէ արձանագրում կնշանակի ընդունել, որ Հայաստանը ևս հակամարտության կողմ էր, այսինքն՝
կստացվի, որ Հայաստանը նաև պահանջելու որոշակի իրավունքներ է ստանում։
«Հիշեցնեմ, որ Բաքուն իր այս
դիրքորոշումը որդեգրեց 2021 թվականի ուշ գարնանը և ամռանը, մինչ այդ ինքն ուզում էր
փաթեթով լուծել բոլոր խնդիրները՝ Ղարաբաղի խնդիր, Հայաստանի հետ հարաբերությունների
խնդիր, բայց երբ որոշում ընդունվեց Ղարաբաղի խնդիրն առանձնացնել Հայաստանից և միջազգային
դիտորդներին, ՄԽ համանախագահներին ասել, որ դուք այլևս որևէ բան չունեք քննարկելու
ինձ հետ այս թեմայով, և, առավել ևս, Հայաստանը չունի, ինքը բնականաբար հանեց այդ խնդիրը։
Հիմա ինքը չի կարող այդ խնդիրը նորից բերել և ասել, թե՝ Հայաստան, դու կողմ արտահայտվիր,
առավել ևս լավ հասկանում է՝ ՄԽ-ի լուծարումը Հայաստանի ձեռքում չէ, և նաև այդ ասելիքը
Հայաստանին ուղղված չէ»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան