Օդերևութաբանների աշխատանքն առանցքային դեր է խաղում մարդկանց կյանքեր փրկելու և կայուն զարգացման ապահովման գործում. Լևոն Ազիզյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն, ՀՕԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Լևոն Ազիզյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ նվիրված Օդերևութաբանության համաշխարհային օրվան և ՀՀ-ում Օդերևութաբանի օրվան:


Ուղերձում ասվում է.


«Հարգելի՛ գործընկերներ,


Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Օդերևութաբանի օրվա առթիվ։


Արդեն ավելի քան երկու տասնամյակ, համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշման, Հայաստանի Հանրապետությունում մարտի 23-ը նշվում է որպես Օդերևութաբանի օր։


Այս տարի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ), որպես Միավորված Ազգերի Կազմակերպության կառույց, նշում է իր 75 ամյակը։ Կազմակերպությունն իր գործունեությամբ համակարգում է գլոբալ ջրային, կլիմայական և եղանակային գործընթացները՝ ապահովելով կարևորագույն տեղեկատվություն ողջ աշխարհի համար։


Օդերևութաբանները, ջրաբանները և կլիմայագետները ողջ աշխարհում ծառայում են հասարակության անվտանգությանը, քանզի եղանակային, կլիմայական և հիդրոլոգիական երևույթները չեն ճանաչում պետական կամ քաղաքական սահմաններ։


Այս ոլորտների տվյալներն անհրաժեշտ են գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի, ավիացիայի, շինարարության և ջրային տնտեսության արդյունավետ կառավարման համար։


Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀՕԿ-ի կողմից ընտրվել է հատուկ կարգախոս՝ «Միասին հաղթահարելով վաղ նախազգուշացման բացերը»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից հայտարարված «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել վաղ նախազգուշացման համակարգերի հասանելիություն աշխարհի յուրաքանչյուր մարդու համար, ինչը կարևոր քայլ է ռիսկերի նվազեցման և բնական աղետների դիմակայունության բարձրացման ուղղությամբ։


Կլիմայի փոփոխությունն այսօր իրական և անհերքելի սպառնալիք է Երկրագնդի համար։


Համաձայն ՀՕԿ-ի տվյալների՝ 2024 թվականը գրանցվել է որպես դիտարկումների պատմության մեջ ամենատաք տարի։


Ցավոք, այս միտումը շարունակական է, և Հայաստանը նույնպես բացառություն չէ․ մեր երկրում վերջին տասնամյակների ջերմաստիճանի բարձրացման տեմպը մոտ 2-3 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները:


Այս գործընթացները ուղեկցվում են ջերմային ալիքների, երաշտների, անտառային հրդեհների և ջրհեղեղների ավելացմամբ և այդ իրողությունների ֆոնին՝ ճշգրիտ կանխատեսումներն ու վաղ նախազգուշացման համակարգերի արդյունավետ կիրառումն ունի կենսական նշանակություն՝ հնարավոր աղետները կանխելու և կյանքեր փրկելու համար։


Կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնային ուղղություններն են մեղմման և հարմարվողականության միջոցառումների մշակումն ու իրագործումը: Կլիմայական տեղեկատվության մշակումը ու դրա համահունչ ինտեգրումը միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում՝ ուղղված է ռիսկերի նվազեցմանը և կայուն զարգացման ապահովմանը։


Միավորված ազգերի կազմակերպության գերակա առաջնահերթությունն է ապահովել վաղ նախազգուշացման համակարգերի հասանելիությունը Երկրագնդի յուրաքանչյուր բնակչի համար։ Այդ ուղղությամբ անհրաժեշտ են այժմեական գործողություններ, ներդրումներ և նորարարական լուծումներ։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունն այս համատեքստում առավել կարևոր է, քան երբևէ։


Սիրելի՛ օդերևութաբաններ,


Ձեր աշխատանքը առանցքային դեր է խաղում մարդկանց կյանքեր փրկելու, ունեցվածքը պաշտպանելու և կայուն զարգացման ապահովման գործում։


Ձեր պրոֆեսիոնալության և աշխատանքի նվիրվածության շնորհիվ մենք ստանում ենք ժամանակին և ճշգրիտ կանխատեսումներ, որոնք օգնում են արդյունավետ արձագանքել բնական վտանգներին։


Կլիմայի փոփոխության հետևանքով պայմանավորված ծայրահեղ եղանակային երևույթների հաճախականության և ինտենսիվության աճի պայմաններում ձեր աշխատանքն օր օրի առավել կարևոր է դառնում։


Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։


Շնորհակալ եմ ձեր նվիրումի և կատարած աշխատանքի համար։


Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին քաջ առողջություն, բարեկեցություն, նորանոր հաջողություններ ձեր կարևոր առաքելության մեջ։


Թող ձեր աշխատանքը միշտ գնահատվի, իսկ երկինքը միշտ խաղաղ լինի»։