Բաքուն այլ նպատակներ ունի․ Ալիևը սպասում է տարածաշրջանային զարգացումներին

Խաղաղության պայմանագրի քննարկման ողջ գործընթացը շուրջ երկու տարի զուգորդվել է  Ադրբեջանի կողմից տարաբնույթ նախապայմաններով։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը: 


Պետրոսյանն ընդգծեց, որ Ադրբեջանին պետք է որոշակի ժամանակային պատուհան, որպեսզի փաստաթուղթը չստորագրվի. «Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս պահին Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անցկացնելն անիրատեսական է  և որոշակի ժամանակ է պահանջում։ Հերթական անգամ համոզվում ենք, որ փաստաթղթի չստորագրման պատճառը ոչ թե կողմերի միջև տարաձայնություններն են, այլ Ադրբեջանի նախապայմանները»։


Ըստ նրա՝ Ադրբեջանի նպատակն այժմ փաստաթուղթը ստորագրելուց խուսափելն է. «Այն պահին, եթե անգամ Հայաստանը հրաշքով սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնի, Մինսկի խմբից հրաժարվի՝ Ադրբեջանն այլ պատճառներ է բերելու, որպեսզի հրաժարվի փաստաթղթի ստորագրումից»։


Պետրոսյանի խոսքով՝ Ադրբեջանի գերնպատակն այժմ փաստաթուղթը չստորագրելն է: «Բաքուն այլ նպատակներ ունի. հետևելով գլոբալ տարածաշրջանային զարգացումներին՝ տեսնում են հնարավորություններ խնդիրներն այլ ճանապարհով լուծելու։ Իսկ Հայաստանի հետ ցանկացած փաստաթղթի ստորագրում կաշկանդվածություն է առաջացնելու»,- եզրափակեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան