Գյումրեցու վրա ռուս պատգամավոր բերելը շատ վտանգավոր է, դա կարող է այլ տեղ տանել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ քննարկել ենք Մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում կայանալիք ընտրությունները։

 

Խոսելով Գյումրու համայնքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանի այն հայտարարության մասին, որ նա ՔՊ-ականներին անվանել է անդաստիարակ և ասել՝ «անդաստիարակների հետ մի օր կհանդիպենք, պատասխան են տալու», Հասմիկ Հակոբյանն ասաց․ «Որակավորումներին թույլ տվեք չանդրադառնալ, ես վստհաբար իր դաստիարակությունը չունեմ, սպառնալիքին եմ ուզում անդրադառնալ, մարդը հստակ սպառնում է, հետո կհանդիպենք, երևի նկատի ունի ընտրություններից հետո, բայց նաև հիմա էլ որոշակի նման դրսևորումներ Գյումրիում կա։ Էն հին բարքերը, որոնք որ մշտապես խանգարել են գյումրեցիներին, և ընդհանրապես Հայաստանում տիրող վիճակը, հիմա էլ նորից գլուխ են բարձրացրել, որովհետև մարդիկ են այսօր թատերաբերում, որոնք հստակ ատելության, ամենաթողության գեներացիաներն են իրականացրել»,- ասաց պատգամավորը։

 

Ինչ վերաբերում է նրան, որ որոշ թեկնածուներ ծպտյալ վայելում են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հովանավորությունը, պատգամավորն ասաց․ «Որպեսզի շատ լինի, քիչ չլինի, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գոնե երկուական թեկնածու նետել են դաշտ, և ի վերջո նպատակն այն է, որ այս թեկնածուներն ընտրություններից հետո միավորվեն, ամեն մեկը մի քիչ խաբի ժողովրդին, միավորվեն և ենթադրենք ունենան Վարդան Ղուկասյան անունով քաղաքապետ, կամ բոլորով միավորվեն ունենան Մարտուն Գրիգորյան անունով քաղաքապետ, իմաստը սա է։

 

Հարցին, թե ինչպես կարելի է որոշ ընդդիմադիրների բացատրել, որ մեր երկրում այլևս բռնություններով ընտրարշավներ և ընտրություններ չեն անցկացվում, պատգամավորն ասաց․ «Իրենց բացատրել ենք, և այդ բացատրությունը լավագույնս եղել են ընտրությունների արդյունքները։ Ընդդիմադիր ուժերի էական մասը երկու թևի մոտ է կենտրոնացված, դրանք նախկին երկու նախագահներն են և այս երկու թևերը հայտնվեցին ԱԺ-ում, որովհետև առավելագույն ձայները հավաքեցին և դարձան ընդդիմադիր ուժեր։ Եվ այս ուժերից մեկին ուզում եմ հիշեցնել, քաղաքացիներն այնպիսի պատասխան էին տվել, որ անգամ անցողիկ շեմը չէին հաղթահարել և միայն կարողացան անցնել օրենքի ուժով։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջիկայում, արդեն հաջորդ ընտրություններին էս մարդկանց պատասխանն ավելի հստակ է լինելու, որովհետև հիմա քաղաքացիները տեսնում են, որ այս մարդիկ լավ չեն հասկացել և ավելի հստակ պատասխան են տալու։ Իսկ որ որոշակի  հատված հասկացել են, սա ապացուցվում է նրանով, որ 21 թվականից մինչև այսօր ՏԻմ ընտրություններում Դաշնակցությունը, ՀՀԿ-ն, իրենց կուսակցության անունով չեն ներկայացել, որովհետև հասկացել են, որ քաղաքացիները նույնկերպ իրենց պատասախանը տալու են և իրենք շեմը չեն հաղթահարելու։ Ես երաշխավորում եմ, եթե Դաշնակցությունը կամ ՀՀԿ-ն իրենց կուսակցության անունով մասնակցեն ընտրություններին, այնպես, ինչպես ՔՊ-ն, նրանք շանս չունեն անցնելու։  Մեր ցանկացած քաղաքացի, որը կուսակցությունների հետ կապ չունի, ավելի շատ ձայն կհավաքի, քան օրինակ՝ 100-ամյա պատմություն ունեցող Դաշնակցությունը»,- հավելեց Հասմիկ Հակոբյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադեևոսյան