Ձերբակալված բոլոր անձինք կենթարկվեն բժշկական զննության. օրենքի նախագիծը քննարկվել և ընդունվել է առաջին ընթերցմամբ

Օրինագծի ընդունման արդյունքում միասնական չափանիշների հիման վրա կապահովվի ՀՀ-ում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու դրա արդյունքների ամբողջական արձանագրումը: Արդյունքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ քննել խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան հավաքագրված բժշկաիրավական ապացույցների հավաքմամբ:


Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ մարտի 27-ի նիստի ժամանակ ներկայացնելով ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Առաջարկվում է ձերբակալված բոլոր անձանց ենթարկել բժշկական զննության ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում: Փոխնախարարի խոսքով՝ բուժզննմանը կարող է մասնակցել նաև տվյալ անձի ընտրած բժիշկը:


Օրինագծով սահմանվում է նաև խոշտանգման դեպքերի արձանագրության կազմման միասնական ստանդարտ, որը պետք է լրացնի բուժաշխատողը:


Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն իրականացվել:


ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: