36%-ը լավ ցուցանիշ է. խնդիրն այն է, որ ՔՊ-ն կարող է պարտվել հակադեմոկրատական ուժերին. Վարդանյան

Քաղաքագետ, անկախ հետազոտող Էդգար Վարդանյանի կարծիքով՝ 36 տոկոս ցուցանիշը բավականին բարձր է՝ հատկապես, եթե հաշվի ենք առնում Գյումրիում նախորդ ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքները: «Նորմալ է, որ առաջին տեղը  զբաղեցնող կուսակցությունն այդքան ձայն կարող է ստանալ։ Երբ, օրինակ, դիտարկում ենք եվրոպական երկրների փորձը, մեծամասամբ առաջին տեղը գրանցած կուսակցությունը 30 տոկոսից ավելի ձայն չի ստանում։ Եթե նայենք այդ դիտանկյունից՝ ՔՊ-ի գրանցած 36 տոկոսը բավականին բարձր ցուցանիշ է»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Վարդանյանի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ 36 տոկոս ձայն ստանալով՝ պրոժողովրդավարական ուղղվածություն ունեցող կուսակցությունը կարող է պարտվել: «Խնդիրն այն չէ, որ ինքը կարող է պարտվել, այլ այն, որ պարտվում է հակադեմոկրատական քաղաքական ուժերին։ Այսպիսի բան, որպես կանոն, ժողովրդավարական պետություններում տեղի չի ունենում։ Կայացած ժողովրդավարական երկրներում հակաժողովրդավարական ուժերը փոքրամասնություն են,  հիմնականում՝ մարգինալացված»,- նկատեց նա։


Քաղաքագետը կարծում է, որ խնդիր է  նաև այն, որ ժողովրդավարական այլ ուժեր ևս չեն կարողացել հաղթահարել անցողիկ շեմը, և այսպիսի իրավիճակ կարող է  լինել նաև 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ։


Վարդանյանի խոսքով՝ կան պոտենցիալ ընտրողներ, որոնք, կիսելով դեմոկրատական արժեքները, առհասարակ չեն մասնակցել ընտրություններին, որովհետև չեն համակրել ո՛չ ՔՊ-ին, ո՛չ էլ «Եվրադաշինքին». «Չկար այն երրորդ ուժը, որը կունենար դեմոկրատական մտածողություն։ Այդ մարդիկ փաստորեն ընտրություն չեն ունեցել և մնացել են տանը ու նպաստել են այսպիսի պատկերի ձևավորմանը»։


Մեր զրուցակիցը նաև նշում է, որ այժմ Հայաստանը Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումների թիրախում է։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում