Գյումրիի ընտրությունները երկար
քննարկումներից հետո վերջապես ամփոփվեցին. Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ «Մեր
քաղաքը›› դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի
քաղաքապետ:
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։
Նա նշեց, որ որքան էլ ընտրությունները
ժողովրդավարության տեսանկյունից խնդիր չունեին, բայց խնդրահարույց է այն, որ, ըստ էության,
իշխանությունների ցանկության դեպքում այսպիսի մասնակիցների կազմ չէինք ունենա։
«Խոսքը վերաբերում է նրան, որ
եթե ապօրինի գույքի և մնացած գործերով անցնող մի շարք թեկնածուներ իրենց համապատասխան
վայրում լինեին, նրանք չէին մտածի քաղաքականությամբ զբաղվելու մասին։ Հիշեցնեմ, որ
Վարդան Ղուկասյանի առաջին հայտարարությունը եղել է այն, որ ինքը քաղաքականություն է
մտնում այն պատճառով, որ իշխանությունը, այսպես ասած, քրեական գործեր է հարուցել, ապօրինի
գույքի ուսումնասիրություն է կատարում, իսկ դրանք եթե մի քիչ ավելի պատշաճ ուսումնասիրված
լինեին, ես վստահ եմ՝ մենք այս պատկերը չէինք ունենա, գոնե կունենայինք մի փոքր այլ
մասնակիցներ։ Մրցակցության տեսանկյունից ընտրությունները ժողովրդավարական էին անշուշտ,
կասկածի տակ դնել չէինք կարող։ Բայց բոլոր դեպքերում մասնակցությունը խնդիր է, որովհետև
ակնհայտորեն թույլ է տրվում կրիմինալին հանդես գալ քաղաքական դիմակով և ներկայացնել
քաղաքական հայտ, այդ թվում և իշխանություն ձևավորել»,- ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ ՔՊ-ի քվեները Գյումրիում
անշուշտ պատկառելի են, բայց էլի վերադառնալով առկա օրենսդրությանը՝ սա էլ է խնդիր,
և իշխանությունը կարող էր վերջին 4-5-6 տարիներին վերանայել, որովհետև մի տեսակ աբսուրդ
է ստացվում, որ մեծամասնություն ստացած քաղաքական ուժը չի ձևավորում իշխանություն։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան