«Հանուն Հանրապետության» կուսակցության
արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ամեն կերպ դիմադրի
Կապանում ՌԴ հյուպատոսության բացմանը։ Նա նման տեսակետ հայտնեց Civic.am-ի հետ զրույցում՝
անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե հյուպատոսության
բացման շուրջ բանակցությունները կավարտվեն մայիսին․ «Մենք պետք է տարատեսակ հնարքներով հնարավորինս հետաձգենք, հետագայում նաև չեղարկենք նման հնարավորությունը՝
մանավանդ, որ Հայաստանն ապառուսականացման խնդիր է դրել։ Մենք ապառուսականացրել ենք
«Զվարթնոց» օդանավակայանը, Հայաստան,-Իրան, Հայաստան-Թուրքիա անցակետը, հետզհետե պետք
է ապառուսականացվի Էրեբունի օդանավակայանը, 102-րդ ռուսական ռազմաբազան»,-ասաց նա։
Բլեյանը նշեց, որ Ռուսաստանին անհրաժեշտ է Հայաստանում քաղաքական
ներկայություն, իսկ Հայաստանը պետք է թույլ չտա, որ հնարավորության դեպքում ՌԴ-ն նորից
ինչ որ գործարքի գնա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ․ «Դարեր շարունակ սա է Ռուաստանի Դաշնության գործելաոճը։ Պարզապես
պետք է հասկանալ, որ ՌԴ-ն ոչ թե Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, այլ հակառակորդը»,-նկատեց
մեր զրուցակիցը։
Առնոլդ Բլեյանը գտնում է, որ Ռուսաստանը Հայաստանին պետք էր
2020 թվականի նոյեմբերի 9-ին, պետք էր նաև Արցախի հայաթափման օրերին, այն ժամանակ,
երբ Ադրբեջանը ներխուժեց Սև լճի տարածք։ Մեր զրուցակիցը, սակայն, փաստում է, որ նույնիսկ
այդ ժամանակ Հայաստանը ՀԱՊԿ-ից որևէ աջակցություն չստացավ, փոխարենը Մոսկվան հայտարարեց,
թե սահմանները պետք է դեմարկացվեն ու դելիմիտացվեն։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում