Հրապարակվել է Շիրակում վթարից մահացած երիտասարդ ընտանիքի գործով մեղադրյալների դատավճիռը

Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով մեղադրյալները մեղավոր են ճանաչվել։ Այս մասին հայտնել է փաստաբան, տուժողների լիազոր ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։


Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 26-ին` ժամը 01։30–ի սահմաններում, Գյումրի–Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում` Ջաջուռի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։ Մկրտչյանի հետ մեքենայում եղել էին նաև կինը` 31-ամյա Նազենի Շմոյանը և նրանց 7–ամյա որդին` Դավիթ Մկրտչյանը։


«Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Գեղամյանի նախագահությամբ, հրապարակվեց 2024թ. հուլիսի 26֊ի ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասը։ Մեղադրյալ Արմեն Տոնոյանը ճանաչվեց մեղավոր, դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ որպես լրացուցիչ պատիժ` 3 տարի ժամկետով զրկվեց վարորդական իրավունքից։ Մյուս մեղադրյալ Արման Ալեքսանյանը ճանաչվեց մեղավոր, որպես պատիժ նշանակվեց տուգանք 750.000 ՀՀ դրամի չափով։ Տուժողների գույքային հայցերը բավարարվեցին մասնակի` համապատասխանաբար 4 մլն և 2 մլն ՀՀ դրամի չափով»,– գրել է Սարգսյանը։


Հիշեցնենք, որ Արմեն Տոնոյանը սկզբում հետախուզվում էր, նա փախել էր Վրաստան, հուլիսի 31-ին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ «BMW X3»–ի վարորդը հայտնաբերվել էր սեպտեմբերին վերջին. բացատրական աշխատանքներից հետո ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն։