Իրավագետ
Արտաշես Խալաթյանի հետ զրուցել ենք ներքաղաքական հնարավոր զարգացումների և Գյումրիում
հետընտրական իրավիճակի մասին։
- Պարոն Խալաթյան, Գյումրիում ընտրություններն
ավարտվեցին, բայց դրա շուրջ զարգացումները շարունակվում են։ Ւ՞նչ զարգացումների ականատես
կլինենք։
- Կարող ենք արձանագրել,
որ խորհրդարանական հերթական ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավն ու վերադասավորումները
սկսվել են, և այդ համատեքստում բոլոր զարգացումները նաև այդ տրամաբանությունն ունեն։
Ընդ որում, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր շրջանակներում արդեն նաև Գյումրին ընկալվում
է որպես առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց նախընտրական նպատակներն իրականացնելու
որոշակի միջոց և պլացդարմ, և գույքագրվում են ստացված ձայները, առկա ռեսուրսը: Իհարկե,
ընդդիմադիր շրջանակների համար բնական է, որ Գյումրին ունի շատ ավելի կենսական նշանակություն,
որովհետև այստեղ կարծես իրենք նշմարել են հաջողության հասնելու հնարավորություն և Գյումրին
ապագա հակաիշխանական գործողությունների միջնաբերդ դարձնելու հավանականություն, և այդ
ուղղությամբ են շարժվելու։ Եթե հաշվի առնենք, որ Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն
է և իր տնտեսական կարողությամբ, իր որոշակի խորհրդանշականությամբ, մշակութային որոշակի
ներուժով բավականին կարևոր հանգրվանային նշանակություն ունի ցանկացած քաղաքական ուժի
համար, որը հայտ է ներկայացնում մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ահա
այդ տրամաբանությունն է գործելու։ Կարծում եմ՝ որոշակի անկանխատեսելիություն սպասվում
է նաև ավագանու առաջին նիստին, երբ ընտրեն Գյումրու քաղաքապետ։
-
Այս ֆոնին, երբ պրոռուսական ուժերը որոշակի հաջողություն են գրանցել Գյումրիում, բավականին
ակտիվացել են պրոկրեմլյան քաղգործիչներն ու պրոպագանդիստները։ Մասնավորապես ռուսաստանաբնակ
քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հարցազրույց է տվել և, խոսելով Գյումրու ընտրությունների
ու Մարտուն Գրիգորյանի որոշման մասին, ասել է, որ շատ տպավորված է Մարտուն Գրիգորյանի
որոշումից, կարծում է, որ նա շրջադարձային ու պատմական քայլ է կատարել, և սա համարում
է իշխանության վերջի սկիզբը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են նշյալ անձինք ակտիվացել հենց այս փուլում։
- Այսօր ռուսական
քաղաքական շրջանակներում որոշակի երկփեղկվածություն է նկատվում. կան ուժեր, որոնք սատարում
են արդեն ռուսական քաղաքական էլիտայի հեռացող շրջանակներին, իհարկե այդ ուժերը չեն ցանկանում համակերպվել, որ Պուտինի՝ վաղ
թե ուշ հեռանալուց հետո Ռուսաստանում էապես փոխվելու է քաղաքական իրավիճակը։ Եվ ահա
այդ հին համակարգը ներկայացնող անձանցից մեկը հենց Անդրանիկ Միհրանյանն է, որը նաև
սերտ կապեր ունի Հայաստանի որոշակի քաղաքական, տնտեսական շրջանակների հետ, որոնք ներկայացնում
են նախորդ վարչակազմը: Այստեղ նա ունի թե՛ քաղաքական, թե՛ նաև անձնական շահեր, քանի
որ իր նաև որոշակի անձնական շահերի և եկամտի աղբյուրը, Հայաստանում սեփական ազդեցությունը
պահպանելու աղբյուրը այս շրջանակներն են։ Պետք է նշել նաև, որ ակնհայտորեն Ռուսաստանի
իշխանությունների կողմից փափուկ ուժի պրոյեկտման բավականին ազդեցիկ գործիչ է համարվել։ Եվ կան նաև Ռուսաստանի քաղաքական շրջանակներ, որոնք,
ես կարծում եմ, առաջամարտիկներն են նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման և
ընդհանրապես Ռուսաստանի՝ համաշխարհային գործընթացներին վերաինտեգրման. դրանք այն շրջանակներն
են, որոնք ավելի մեղմ և ոչ միլիտարիստական տրամադրվածություն ունեն։ Այդ ուժերը, կարող
ենք պայմանականորեն ասել, գլխավորում են Միշուստինը, Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը,
Կիրիլ Դմիտրիևը և այլք։ Հետևաբար քաղաքական որոշակի բևեռ Հայաստանում՝ հայտնի նախկին
իշխանությունների կողմից ղեկավարվող, ունի որոշակի արտաքին քաղաքական թիմ, որը համակցված
և համակարգված գործում է մեկ ճամբարում և տեսնում նաև Ռուսաստանի շահի սպասարկումը
Հայաստանում՝ իրենց միջոցով։
- Օրերս հարցազրույց է տվել RT հեռուստաալիքի
և Russia Today միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա
Սիմոնյանը և արտահայտել հետևյալ միտքը. «Եթե, Աստված մի արասցե, Ռուսաստանի և Հայաստանի
միջև հաստատվեն ոչ բարեկամական հարաբերություններ, Ռուսաստանը, իհարկե, շատ կտխրի։
Իսկ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ընդհանրապես չի լինի»: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ
ունի այս հայտարարությունը։
- Ես կարծում եմ՝
ոչ միայն անօգուտ, գուցե նաև հայի ինքնության համար պետք է վիրավորական լինի այդ կնոջ
ասածն ընդհանրապես քննարկելը։ Նա հենց իմ ասած շրջանակների վառ ներկայացուցիչն է, միաժամանակ
Ռուսաստանի հենց այդ միլիտարիստական, պոպուլիստական շերտը, Պուտինի նեղ թիմի գաղափարախոսական
կլիշեները տիրաժավորող մեկն է, որը ռուսական մեծապետական շովինիզմն առաջ մղող պրոպագանդիստ
է և հետխորհրդային տարածքը ու հատկապես հարավկովկասյան տարածքը դիտարկում է Անդրկովկասի փոխարքայության տրամաբանության մեջ և
հերքում է այս տարածաշրջանի պետությունների սուվերենությունը։ Եվ բնականաբար, որպես
այս պահին ավելի թույլ սուբյեկտ ընկալելով Հայաստանը, փորձ է արվում Ռուսաստանի ոտատեղը
պահպանել և ընդլայնել Անդրկովկասում՝ հետագայում դրա ռուսական նոր քաղաքական նախագծումը
կորպորացնելու նպատակով։ Նրա խոսույթը վախի մթնոլորտ սերմանելու նպատակ է հետապնդում՝
ակնհայտորեն ակնարկելով, որ Ադրբեջանը Ռուսաստանի կրավորական կեցվածքի, իսկ իրականում՝
թողտվության պայմաններում կարող է նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ։
- Օրերը գնալով տաքանում են, գիտենք՝ ընդդիմությունն
էլ սեզոնային պայքարող է, և արդեն սկսել են ինչ-որ խմբեր ձևավորել, տարբեր խմբեր հայտարարում
են իշխանափոխության պահանջով ակցիաներ սկսելու մասին, ի դեպ, բողոքի ակցիաների մեջ
ներգրավված են նաև արցախցիներ։ Ի՞նչ սպասել այս ամենից։
- Այս ամենը նախընտրական
տրամաբանության մեջ է դիտարկվում, և թե՛ արցախցիների մի հատվածը, թե՛ Անդրանիկ Միհրանյանը
և նրա գաղափարակիցները Ռուսաստանում, թե՛ Գյումրու ընդդիմությունը, թե՛ խորհրդարանական
ընդդիմությունը, թե՛ որոշակի արտախորհրդարանական շրջանակներ, դրանք բոլորը մեկ բևեռի
տարբեր շոշափուկներն են, տարբեր ճյուղերը, որոնց նպատակը մի քանի էշելոնով իշխանության
դեմ քաղաքական պայքար ծավալելն է, հատկապես, որ, ըստ իրենց, իրենք այդ մարտավարությամբ
հաջողեցին Գյումրիում։ Այս ամենը պետք է տեսնել մեկ միասնական նախընտրական տրամաբանության
մեջ, և ամենակարևորը՝ դրանք մեկ միասնական թիմի տարբեր խմբեր են, այսինքն՝ դրանց առանձնացնելը
հենց իրենց նախընտրական մարտավարության մեջ է մտնում, որպեսզի յուրաքանչյուր խումբ
իր ընտրազանգվածը ձևավորի, և հետո խորհրդարանում տեղի ունենա այդ քաղաքական ուժերի
միավորումը, ինչպես որ, կարծում եմ, սպասվում է Գյումրիում։
Լիլիթ Թադևոսյան